«Ուժեղ Հայաստանի» 8 ներկայացուցչի ձերբակալել են ընտրակաշառքի կասկածով․ փաստաբան

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ահազանգում է, որ Հակակոռուպցիոնը ձերբակալել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» 8 ներկայացուցչի ընտրակաշառքի մեղադրանքով, և այս պահին փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել ներս՝ պաշտպանելու ձերբակալվածների իրավունքները:

Ձերբակալվածների մեջ է նաև Մասիսի շրջանի Արբաթ գյուղի վարչական ղեկավար, 22-ամյա Մարիամ Սարգսյանը, նրա հայրը և մայրը։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, փաստաբանների մուտքն արգելելու խնդրով ահազանգել է ՄԻՊ գրասենյակ, որտեղ, իրենց օգնելու փոխարեն, ապացույցներ են պահանջել փաստաբան լինելու, ձերբակալվածների հարազատների համաձայնության մասին։

Փաստաբանը պնդում է, որ Հակակոռուպցիոնը, արգելելով իրենց մուտքը, փորձում է ճնշումներ գործադրել ձերբակալվածների վրա՝ ցանկալի ցուցմունքներ ստանալու համար։ Ըստ նրա, նպատակը այն է, որ բերեն հանրային պաշտպան, ու քաղաքացին զրկվի իր հարազատի վարձած փաստաբանի ծառայություններից:

Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ չի մեկնաբանում այս տեղեկատվությունը: «Ազատությանը» փոխանցեցին, որ ավելի ուշ կարձագանքեն: Հակակոռուպցիոնը դեռ չի արձագանքել նաև այս բողոքներին: