ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը հայտարարել է՝ կա՛մ հարստացված ուրանը Իրանից պետք է բերվի ԱՄՆ՝ ոչնչացնելու համար, կա՛մ ոչնչացվի տեղում:
«Հարստացված ուրանը կա՛մ անմիջապես կհանձնվի ԱՄՆ-ին, որպեսզի բերվի ԱՄՆ և ոչնչացվի, կա՛մ, նախընտրելի է, Իրանի հետ համատեղ և համակարգված կերպով կոչնչացվի տեղում կամ այլ ընդունելի վայրում՝ Ատոմային էներգիայի հանձնաժողովի կամ դրա համարժեք մարմնի մասնակցությամբ», - Truth Social-ում գրել է Թրամփը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ Իրանը չի կարող հավերժ փակ պահել Հորմուզի նեղուցը, որն այսպես, թե այնպես պետք է բացվի:
«Այն, ինչ այնտեղ կատարվում է, անօրինական է, ապակայունացնում է աշխարհը, անընդունելի է… Դա չի կարող տեղի ունենալ։ Նեղուցները պետք է բաց լինեն, անարգել, առանց վճարների։ Եվ, ակնհայտ է, որ դա պետք է տեղի ունենա անմիջապես», - նշել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարը նաև ասել է, որ Թեհրանի հետ գործարք դեռ հնարավոր է և կարող է կնքվել շուտով։ Սակայն, ըստ Ռուբիոյի, կա՛մ լավ գործարք կկնքվի, կա՛մ առհասարակ չի կնքվի: