Իրանի նախագահը հանձնարարել է վերականգնել երկրում միջազգային ինտերնետը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունը, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։

Ըստ գործակալության՝ որոշումը կայացվել է հատուկ աշխատանքային խմբի քննարկումից հետո, որը կողմ է քվեարկել բնակչության համար ինտերնետի հասանելիությունը վերականգնելուն։ Սահմանափակումները հանելու հստակ ժամկետ չի նշվել։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները որպես հնարավոր ժամկետ նշել էին հունիսի 5-ը։

Իրանում միջազգային ինտերնետը արգելափակվել էր փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո։ Դրանից հետո երկրի շուրջ 90 միլիոն բնակիչներին հասանելի էր միայն, այսպես կոչված, «ազգային ինտերնետը»՝ պետականորեն թույլատրված կայքերով։