Սամարայում դրոնների հարվածից հետո այրվում է Սիզրանի նավթավերամշակման գործարանը․ կան զոհեր

Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքում անօդաչուների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, կան նաև տուժածներ, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Նա չի մանրամասնել՝ քաղաքի որ օբյեկտներն են հարվածի տակ հայտնվել։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները պնդում են, որ հրդեհ է բռնկվել Սիզրանի նավթավերամշակման գործարանում։ Սիզրանի ՆՎԳ-ն պատկանում է «Ռոսնեֆտի» Սամարայի նավթավերամշակման գործարանների խմբին և նախկինում ևս հարվածների թիրախ էր դարձել։

Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ գիշերը մարզի հինգ շրջանների երկնքում ավելի քան երեք տասնյակ անօդաչու է խոցվել։ Նրա խոսքով՝ Շոլոխովի շրջանում՝ Վեշենսկի անտառտնտեսության տարածքում, դրոնների բեկորների ընկնելու հետևանքով երկու անտառային հրդեհ է բռնկվել, որոնք արդեն մարվել են։