Պատերազմի եռագլուխ կուսակցությունից՝ լրտեսական եռագլուխ կուսակցություն. Փաշինյանի քարոզարշավը Լոռիում

Այսօր Լոռիում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով մամուլի հրապարակումները, հայտարարեց, թե իր քաղաքական մրցակիցները՝ «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների առաջնորդները օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներ են:

Նա, որ նախկինում Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանում էր պատերազմի եռագլուխ կուսակցություն, այսօր լրացրեց անվանումը. «Ընդհանրապես պատերազմի եռագլուխ կուսակցությունը մենք կարող ենք ռեբերնդինգի ենթարկել ու անվանել լրտեսական եռագլուխ կուսակցություն կամ եռալրտեսական կուսակցություն»:

Երեկ ռուսական The Insider կայքն էր պնդել, թե «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ են: Այս պնդումներն ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները կտրականապես հերքել են ու նշել, թե դատի են տալու: Այսօր Փաշինյանը հեգնեց լուրը տարածողներին դատի տալու մասին իր ընդդիմախոսների հայտարարությունները:

«24 ժամ հետո նրանք ասում են՝ դատի կտանք, 24 ժամ ամբողջ Հայաստանը նրանց մեղադրում է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից լինելու դեմ, նրանք նոր-նոր ասում են՝ 24 ժամ, որովհետև էս ընթացքում հրահանգ չեն ունեցել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Այսօր արդեն 8 տարի Հայաստանը ղեկավարող Փաշինյանը լոռեցիներին խոստումներ տվեց, թե ջախջախելու է մաֆիային, նկատի ուներ իր երեք մրցակիցներին. «Ես հանդիասվոր խոստանում եմ, որ դուք ձեր աչքերով դա տեսնելու եք, անպայման եք տեսնելու; Այս ճանապարհին մենք երբեք չենք կանգնել ու չենք կանգնելու: Մենք 2018 թվականից պայքարում ենք մաֆիայի դեմ ու եկել է այդ եռագլուխ մաֆիան, այդ եռագլուխ պատերազմի կուսակցությունը վերջնականորեն ջախջախելու ժամանակը»:

Փաշինյանը Ալավերդու և Վանաձորի գյուղերում ու քաղաքներում էր: Նշեց կառավարության խոշոր հատկացումները Լոռու մարզին: Ասաց՝ 5 տարի առաջ խոստացած ապագան արդեն եկել է ու որ մարդիկ արդեն իսկ լավ են ապրում՝ մատնանշեց թոշակների բարձրացումը, առողջապահական ապահովագրության համակարգն ու մեծ շինարարական ծրագրերը, որ, ըստ նրա, ամենուր են:

«Հայաստանի Հանրապետությունը ծաղկող երկիր է, սրանով է լավ, էսօր է լավ, հիմա է լավ», - ասաց նա:

Ալավերդու բնակավայրերում, քարոզարշավի հրապարակներից հեռու ոչ բոլորն էին կիսում վարչապետի լավատեսությունը: Ոմանք գոհ, մյուսներն անգամ թոշակների բարձրացումն իրենց համար սփոփիչ չեն համարում:

Այսօր էլ, ինչպես նախորդ օրերին իշխող կուսակցության քարոզարշավին քիչ չէին պետական ու համայնքային հիմնարկների աշխատակիցներ, ինչն աշխատանքային ժամին օրենքի խախտում է համարվում:

Վարչապետը նախկինում ասել է, որ վարչական ռեսուրսի կիրառմանը դեմ է ու հակված է պատժել չարաշահողներին: Մինչ օրս որևէ պատժի մասին հայտնի չէ: