«Նման խոսակցություն չի եղել». Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանի հրապարակած ձայնագրության մասին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրապարակած ձայնագրությանը, որտեղ, ըստ այդ հրապարակման, Քոչարյանը դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով հնարավորություն տալ առանց խոչընդոտների հեռանալու երկրից։

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը հերքել է, թե նման խոսակցություն եղել է՝ հայտարարելով, որ այն արհեստական բանականությամբ ստեղծված նյութ է։

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ տարին մի քանի անգամ երկրից դուրս է գալիս՝ ասելով՝ «պիտի Պուտինին դիմե՞մ փախչելու համար»:

«Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում», - ընդգծեց նա:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Քոչարյանն ասաց՝ «այսօրվա վարչապետն անում է ամեն ինչ, որ մեր երկրի գլխին մի նոր փորձանք բերեն ԵԱՏՄ-ի հետ կապված»:

Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն չի ձեռնարկելու: Նա շեշտել է, որ Ռուսաստանի նախագահի հետ ունի շատ ջերմ, ընկերական հարաբերություններ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իմ ու Պուտինի հարաբերությունները շատ ջերմ են. Նիկոլ Փաշինյան

«Իրեն ասում են, որ անհամատեղելի է։ Ասում են անհամատեղելի է, բայց դուք զապասկա եք, մենք երբ ուզենք դուրս կգանք, բայց հիմա մենք այդ ամենից օգտվում ենք։ Եթե նման բան որևէ մեկը ասի Միացյալ Նահանգների նկատմամբ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հետևանքներ կլինեն։ Հիմա Ռուսաստանը հսկա երկիր է, մեծ երկիր է, մեծ ամբիցիաներով է, երևի աշխարհի հզոր երկրների երրորդն է իր պոտենցիալով, ռազմական պոտենցիալով երևի առաջին, երկրորդ, տնտեսական պոտենցիալով երրորդ։ Կարելի՞ է նման կարգի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, եթե դու մտածում ես Հայաստանի մասին։ Եթե չես մտածում, որ ինչ-որ տեղից քեզ բրդում են, և դու պետք է դուր գաս ինչ-որ մի տեղ, հետո փորձես սվաղես այդ ամեն ինչը Ռուսաստանի հետ... չի կարող, վերջը այդ գինը տալու է մեր ժողովրդին», - ասաց Քոչարյանը։

Մոսկվան վերջին օրերին հստակ հայտարարում է, որ այս ամսվա վերջին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվելու է Հայաստանի անդամակցության հարցը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ երեկ հայտարարել է, թե Երևանում գիտակցում են, որ երկու կառույցներն անհամատեղելի են, բայց դեռևս չեն պատրաստվում ընտրություն կատարել դրանց միջև։