Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի մի քանի մարզերի։ Խարկովի Պոկոտիլովկա գյուղում զոհվել է 69-ամյա կին, ևս երեք մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեխա։
Խարկովում հարվածների հետևանքով վնասվել են բնակելի տներ։
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական ուժերը հարվածել են երեք շրջանի։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ երկու մարդ վիրավորվել է, վնասվել են առանձնատներ, վարչական շենք և այլ ենթակառուցվածքներ։
Հարվածներ են եղել նաև Օդեսայի և Խերսոնի մարզերում։ Օդեսայի մարզի Իզմայիլի շրջանում վնասվել է պահեստային շենք, իսկ Խերսոնում անօդաչուի հարվածից վիրավորվել է 1 մարդ։
Ըստ ուկրաինայի ռազմաօդային ուժերի, ռուսական կողմը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 209 անօդաչու սարք, որոնցից 180-ը խոցվել է։