Մեծավանում միջադեպի գործով վեց անձ կալանավորվել է, մեկ անձ՝ տնային կալանքի տակ է

Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում, որտեղ շաբաթ օրը միջադեպ էր տեղի ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների միջև, մարդիկ սակավախոս էին, չէին ուզում խոսել քաղաքականությունից։

Սամվել Կարապետյանի աջակիցները նշում էին, որ իրենց նկատմամբ ճնշումներ կարող են լինել խոսելու դեպքում, մատնանշելով, որ երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպից հետո 10 անձ է ձերբակալվել։

Այդ օրը Քննչական կոմիտեն էր հաղորդագրություն տարածել, որ ընդդիմադիր մի խումբ անձինք փակել են իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչության համար գյուղ եկած անձանց ճանապարհը և թույլ չեն տվել առաջ շարժվել։ Այս գործով 10 անձ է ձերբակալված, ըստ Քննչականի, նրանցից վեցի նկատմամբ այսօր արդեն կալանքի որոշումներ կան, մեկ անձ տնային կալանքի տակ է, մյուսները դեռևս ձերբակալվածի կարգավիճակ ունեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լոռու մարզում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպերի փաստով քրեական վարույթ է հարուցվել, 10 ձերբակալված կա

Այսօր «Ազատությունը» զրուցեց ձերբակալված անձանցից Շոթա Դանիելյանի հոր՝ Արմեն Դանիելյանի հետ։ Նա հերքում է, որ տեղի է ունեցել խոչընդոտում, ասաց, որ ընդամենը երիտասարդները դուրս են եկել իրենց աջակցությունը հայտնելու Սամվել Կարապետյանին, և հանդիպել են երկու խմբերը։

«Ոչ մի խոչընդոտ, խոչընդոտն իրենց կողմից է եղել, իրենք են խոչընդոտել ու բռնել տարել են սաղ երեխեքին։ Ճանապարհը բայց փակե՞լ են, ես տեղյակ չեմ եղել, եթե փակել են, իրենց կողմից էլ կարող է մեղավորություն կա, ես ի՞նչ գիտեմ: Նիկոլն ուզում է վախեցնել սաղիս, որ իր գործերն առաջ տանի, ազատ իրավունք է՝ մեկը նրա կողմից է, մեկը մյուսի կողմից է», - ասաց Արմեն Դանիելյանը:

Գյուղի բնակիչներից մեկը, որ ներկայացավ որպես «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձ, հակառակն էր պնդում: Ըստ նրա՝ պաշտպանության նախարարը անձամբ եկել էր գյուղ և որևէ մեկը իրավունք չուներ նրա քարոզչությանը խոչընդոտելու։

«Դրսից եկել են, մեր պաշտպանության նախարարի դեմն են խոչընդոտ սարքել։ Այդքան բան։ Որոնք տուժված են արդեն։ Չի կարելի, չէ՞։ Կողքի գյուղերից են եկել, խոչընդոտ սարքեցին մեր պաշտպանության նախարարի դեմ», - ասաց բնակիչներից մեկը:

Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, որ այժմ Տաշիրում ղեկավարում է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբը, նշում է՝ ինքն էլ է ներկա է եղել այդ միջադեպին։ «Ես համարում եմ, որ փորձ էր խոչընդոտելու, բայց չկարողացան խոչընդոտելու, որովհետև արդեն այդ ժամանակները անցել են»։

Քննչական կոմիտեն գործը հարուցել է քարոզչություն կատարելուն և/կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու և այդ կերպ խոչընդոտելու հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ երեքից վեց տարի ժամկետով։

Քննչականը նաև հաղորդել է, որ բռնություն է տեղի ունեցել Մեծավանում, սակայն տարածված տեսանյութերում բռնության դրվագներ չեն երևում։ Այս շրջանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրան մոտեցած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին հաճախ նրա կողմնակիցները լռեցնում են վանկարկումներով ու բղավոցներով, բայց նրանց հետ ոչինչ էլ տեղի չի ունենում։