«Չպետք է ձերբակալեին». ՔՊ-ի պաստառները պոկած տղամարդու մահից հետո՝ իրավապահները քննադատության առանցքում

«Քաղաքացիական պայմանագրի» ու Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառները պոկելուց երեք օր անց՝ այսօր Արարատի մարզում վերջին հրաժեշտ էին տալիս 55-ամյա Արմեն Հովհաննիսյանին։

Ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել գյուղապետի զանգից հետո։ Ու թեև, ինչպես համագյուղացիներն են պնդում՝ ակնհայտ հոգեկան առողջության խնդիրներ ուներ, իրավապահները տղամարդուն ձերբակալել էին, հետո միայն, երբ վիճակը վատացել էր՝ տարել Նուբարաշենի հոգեբուժարան։ Այստեղ արդեն տղամարդը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով:

Պաստառը պոկելու գործին զուգահեռ Քննչականը քննում է ինքնասպանության դեպքը:

«Եթե գիտեիք, որ հիվանդ է, ինչո՞ւ զանգեցիք ոստիկանություն, ոչ թե շտապօգնություն» հարցին՝ Արարատի մարզի Նշավան գյուղի ՔՊ-ի շտաբի պետ, վարչական ղեկավար Գարուշ Հովհաննիսյանն արձագանքում է՝ շատ ագրեսիվ էր դարձել. «Օրվա ընթացքում էլ իրեն հանդիպել եմ, ասել՝ «Արմեն ջան, ինչի՞ համար», ոչ ադեկվատ վիճակում՝ «ես կարամ ներողություն խնդրեմ, որ տենց բան եմ արել», ասացի՝ «ներողության համար չեմ ասում, էլ չանես»:

«Կգնար խանութից խաղալիք կառներ, խելքին ինչ բրդում առնում էր», - ասաց բնակիչներից մեկը:

Հարևանները պատմում են՝ Արմենի ընտանիքը երկար տարիներ Արցախում էր բնակվել, հայաթափումից հետո՝ վերադարձել, այդ ժամանակ էլ նկատել էին Արմենի խնդիրները:

Արմենենց տնից քիչ այն կողմ ապրող հարևանները մինչ օրս դրկից տղամարդուց ոչ վախենալու առիթ էին ունեցել, ոչ էլ վատ բան տեսել: Մեկն ասում էր՝ դեպքից օրեր առաջ է վերջին անգամ շփվել՝ երեխային կոնֆետ էր բերել:

«Հա կային շեղումներ, բայց ինքը վտանգավոր մարդ չէր», - նշեց հարևաններից մեկը:

«Ագրեսիվություն չեմ նկատել, չպիտի ձերբակալեին, ժամանակի հարց էր, մի ժամում կարելի էր ճշտել՝ այդ մարդը հոգեբուժարանի անձնավորություն է, թե կալանքի պետք է տանեին», - ասաց մեկ այլ բնակիչ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀԿ-ները պահանջում են անկախ քննություն՝ Նուբարաշենի հոգեբուժարանում քաղաքացու մահվան գործով

Ողբերգական դեպքից հետո Առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե բժիշկներն «անմիջապես արձագանքել են իրավիճակին և իրականացրել շտապ միջոցառումներ, սակայն, ցավոք, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել»։ Քանի որ տղամարդը ձերբակալված էր, գտնվել է ոստիկանության հսկողության ներքո, թե որտե՞ղ են եղել նրանք այդ պահին և ի՞նչ է արվել ինքնասպանությունը կանխելու համար՝ պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում։

Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար» կամ «անձնական ողբերգություն»։ Սա իրավական ամենաթողության, անպատժելիության և իրավապահ կառույցների կողմից օրենքի բացահայտ խեղաթյուրման հետևանք է, հայտարարում են փաստաբան Ռուբեն Մելիքյանն ու նրա չորս գործընկերները:

«Անգամ եթե պաշտոնական վարկածն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, ապա սա հանցագործություն ենք մենք համարում՝ ծանրացնող հանգամանքներով, որովհետև իրավունք չունեին անձին ձերբակալեին այն հոդվածներով, որը չէր կարող այստեղ կիրառվել», - ասաց փաստաբանը:

13 հասարակական կազմակերպություններ ևս այսօր տարածած հայտարարությամբ ընդգծում են, որ օրենքով պաստառ պոկելու համար տղամարդուն կարող էին տուգանել, ոչ թե քրեական հետապնդման ենթարկել։

Անցած շաբաթ օրը «Հայաստան» դաշինքը հաղորդեց, որ Երևանում իրենց նախընտրական պաստառներից մի քանիսը պատառոտել, ցուցանակներից մի քանիսը կոտրել են։ Մինչ օրս սակայն, ընդդիմադիրներին առնչվող այս դեպքերից որևէ մեկով վարույթ չի հարուցվել։