Մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ խորը մտահոգություն են հայտնել «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում քաղաքացու մահվան առնչությամբ:
Նախօրեին հայտնի դարձավ, որ նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալվելուց հետո Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն տեղափոխված քաղաքացին ինքնասպանություն է գործել: Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել էր նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում նրան դեռևս մեղադրանք ներկայացված չէր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել«Նախընտրական քարոզչական պաստառը պոկելը կամ պատռելը ՀՀ օրենսդրությամբ հանդիսանում է վարչական իրավախախտում՝ նախատեսված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության 40.11-րդ հոդվածով և որպես հետևանք առաջացնում է տուգանքի նշանակում։ Մինչդեռ, ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակներում անձը անօրինականորեն և կամայականորեն ձերբակալվել է՝ խախտելով նրա ազատության իրավունքը: Շարունակաբար արձանագրվում է, որ ազատության սահմանափակման միջոցները իրավապահ մարմինների կողմից կիրառվում են անհամաչափորեն և ունեն պատժիչ բնույթ», - նշված է հայտարարություն։
Տեղի ունեցածն, ըստ ՀԿ-ներին, արձանագրում է մարդու հիմնարար իրավունքների մի շարք համակարգային խնդիրների մասին. «Հերթական անգամ փաստվում է Հայաստանում քրեաիրավական գործիքակազմի անօրինական, կամայական և անհամաչափ կիրառում՝ ըստ քաղաքական նպատակահարմարության»:
ՀԿ-ների պնդմամբ՝ այս դեպքը եզակի չէ, և «նախորդ տարիներին անազատության վայրերում անձանց կողմից ենթադրյալ ինքնասպանության դեպքերի առթիվ չի իրականացվել արդյունավետ քննություն և հանրային հաշվետվողականություն ոչ միայն դեպքի հանգամանքները պարզելու և պատասխանատվության ապահովելու նպատակով, այլև համակարգային բացթողումները վերհանելու և ինքնասպանության կանխարգելման պատշաճ մեխանիզմներ ներդնելու և կիրառելու նպատակով»։
Նրանք Գլխավոր դատախազությունից ու ՔԿ-ից պահանջում են կատարել անկախ և արդյունավետ քննություն ոչ միայն Արմեն Հովհաննիսյանի ենթադրյալ ինքնասպանության հանգամանքների, այլև նրան ազատությունից զրկելու և հոգեկան առողջության պահպանման կենտրոնում տեղավորելու իրավաչափության շուրջ: Ինչպես նաև պահանջում են պատասխանատվության ենթարկել Հովհաննիսյանի իրավունքների խախտումներ թույլ տված բոլոր պաշտոնատար անձանց: