«Ուժեղ Հայաստանը» դեռ չի բարձրաձայնում՝ ինչ միջոցներով են լուծելու սոցիալական խնդիրները

«Ուժեղ Հայաստան»-ը երկրորդ օրն է՝ Տավուշի մարզում է: Այսօր էլ կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հանդիպումներն իր տատիկի ծննդավայր Գանձաքարից սկսեց, խոսեց սոցիալական խնդիրներից: Հայտարարեց, թե աղքատության ցուցանիշը Տավուշում աճել է: Ըստ նրա՝ պետությունը պարտավոր է հոգալ թե՛ գյուղացու մթերքի իրացման ու թե՛ ուսանողների ուսման վճարի հարցերը: Թե կոնկրետ ինչ միջոցների հաշվին՝ կուսակցության առաջնորդները դեռևս չեն բարձրաձայնում:

«Տավուշի մարզում աղքատությունը չի իջել, նոր գործարաններ, նոր աշխատատեղեր չեն ստեղծվել, ստեղծվել են աշխատատեղեր մենակ պետական ապարատում, որպեսզի իրենք ծանոթներին տեղավորեն, բայց հայ աշխատող մարդու կյանքը մի փոքր չի լավացել», - ասաց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Գանձաքարում Կարապետյանը պնդեց՝ «գործող վարչապետ Փաշինյանը լավ խոսում, բայց վատ գործ է անում»: Ամիսներ առաջ բիզնեսից քաղաքականություն մտած ուժը պնդում է՝ իրենց մոտ հակառակը կլինի:

«Հիմա մեր ժողովուրդը պետք է ընտրի. ընտրում է մի ղեկավար, ով քչախոս, աշխատատեղ է ստեղծում, գյուղացիների համար ապահովում է լավ կյա՞նք, թե՞ ընտրում է մի առաջնորդ, ով շատ սիրուն խոսում է, հետաքրքիր է ամեն օր իրան նայելը, բայց տանը քո երեխային պահելու համար քո միջոցները չեն ավելանում, քո երկիրը չի ուժեղանում», - ասում է Կարապետյանը։

Տեղի բնակիչներից մեկը՝ Ռազմիկ Մադայանը համագյուղացիներին կոչ էր անում «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին չկապել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Կարապետյանը Քոչարյանի հետ ընդհանրապես կապ չունի, մի բերեք խառնեք իրար, Կարապետյանը մեր գյուղի թոռն է, մեր գյուղի հալալ թոռն է, 40 տարի նրանց բերած կոնֆետը մենք, մեր թոռները կերել ենք, ուզում եմ ասել, որ մենք բոլորս էլ, անձամբ ես՝ ընտրելու եմ պարոն Կարապետյանին»,- ասաց բնակիչներից մեկը։

Նարեկ Կարապետյանն իր նախընտրական ելույթներում խոսում է երաշխավորված խաղաղության մասին: Առանց դրա Ադրբեջանի հետ խաղաղություն չեն պատկերացնում:

«Երկարաժամկետ խաղաղությունը մեծ ռիսկ է լինելու։ Մեզ պետք է մի երկիր, որը ստորագրի, որ մեր և իրենց մեջ կա 3-րդ կողմ, ով կկիրառի միջոցներ»,- շեշտեց Նարեկ Կարապետյանը։

Իր կարողության մեծ մասը Ռուսաստանում կուտակած գործարարի քաղաքական ուժը երաշխավորների մասին խոսելիս Ռուսաստանի ու Իրանի հետ նաև նրանց հետ հակամարտող Միացյալ Նահանգների անունն է տալիս: Կարապետյանին «Ազատություն»-ը հարցրեց՝ ինչպե՞ս է պատկերացնում, որ տարիներ ի վեր խորը տարաձայնություններ ունեցող այս երկրները Հայաստանի հարցում կնստեն մի սեղանի շուրջ ու կպայմանավորվեն: Ասաց՝ շահերի համընկման դեպքում դա տեղի կունենա:

«Օրինակ՝ Իրանի համար կարևոր նշանակություն ունի Հայաստանը՝ որպես ելք դեպի Սև ծով Եվրոպայի շուկա։ Դրա համար իր համար կենսական է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Հայաստանի անվտանգությունը կարևորագույն է, մեր լավագույն բարեկամ երկրներից է և նաև TRIPP-ի մասնակից։ Նաև տարածաշրջանային մենք ունենք դասական դաշնակիցներ, ովքեր պետք է տարածաշրջանում լինեն», - ասաց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Այսօր Կարապետյանի քարոզարշավին ոչ միայն Գանձաքարից էին եկել. «Ուրիշ տեղից ենք մենք։ Հարցեր մի տվեք, էլի», - ասաց մասնակիցներից մեկը։

Գանձաքարցի Ազնիվ Բեկնազարյանն ասաց՝ կյանքի մեծ մասը Ռուսաստանում է անցկացրել: Այժմ ամուսնու հետ գյուղ է վերադարձել, բայց աշխատանք չունի: 300 հազար նոր աշխատատեղի խոստում տված միլիարդատիրոջ հետ հույսեր է կապում: Մասնագիտությամբ բուժքույր կինն սպասում է՝ այս ուժն իշխանության գա, փոքրիկ գյուղում ինքն էլ գործ կգտնի:

«Իրենց սկզբունքների մեջ կա, որ աշխատատեղեր կստեղծեն, էդ նպատակով էլ հույս ենք կապել», - ասաց կինը։ «Ազատության» դիտարկմանը, թե մյուս ուժերն էլ են նման խոստում տվել, կինը պատասխանեց. «Դա մեր ընտրությունն է»։

Գանձաքարում նորակառույց դպրոց ու մանկապարտեզ կա, բայց կինն ասաց՝ դա իրեն չի հուսադրում՝ երեխաներին հեռու՝ Ռուսաստանում է թողել:

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներն այսօր նաև Իջևանում, Հաղարծինում և Դիլիջանում են հանդիպել ընտրողներին, քայլել ու պատասխանել հարցերի: