Եվրոպական Հանձնաժողովը մայիսի 5-ին Հայաստանին է փոխանցել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Ըստ ՆԳՆ հրապարակման՝ այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։
Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը Հայաստանին է փոխանցվել է 2025-ի նոյեմբերին: Այն նախատեսում է 74 հենանիշի կատարում, որոնք իրականացվում են երկու փուլով՝ համապատասխան օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորում, դրանց գործնական իրականացման և կիրառության ապահովում։
Զեկույցում մանրամասն ներկայացված են Հայաստանի կողմից չորս հիմնական ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը: Դրանք են՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում, հասարակական կարգ և անվտանգություն, Հիմնարար իրավունքներ:
«Զեկույցում ներկայացված են նաև առաջարկություններ/ռեկոմենդացիաներ՝ ուղղորդելու Հայաստանին լրացնելու արձանագրված բացերը: Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովը շեշտում է, որ բոլոր ոլորտներում անհրաժեշտ է ապահովել ընդունված քաղաքականությունների և օրենքների գործնական, հետևողական և արդյունքահեն իրականացումը», - նշված է ՆԳՆ հայտարարությունում։
Վիզաների ազատականացման երկխոսությունն, ըստ զեկույցի, կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սահմանված բոլոր հենանիշերի լիարժեք կատարման ապահովման համար։ Հանձնաժողովը կշարունակի հետևել Գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հենանիշերի կատարումը՝ ԵՄ անդամ երկրների փորձագետների աջակցությամբ և այդ նպատակով առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն լրացուցիչ գնահատման առաքելություններ։