Հարավային Կորեան ուսումնասիրում է Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկությունն ապահովելու ջանքերին փուլային մասնակցություն ունենալու հնարավորությունը, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Ան Գյու-Բեքը։
Անը Վաշինգտոնում հարավկորեացի լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Սեուլի դիրքորոշումը փոխանցել է երկուշաբթի ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ հանդիպման ընթացքում։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը նշել է, որ փուլային աջակցության հնարավոր ձևերը կարող են ներառել քաղաքական աջակցություն արտահայտելը, անձնակազմի գործուղումը, տեղեկատվության փոխանակումը և ռազմական միջոցների տրամադրումը՝ միաժամանակ շեշտելով, որ հարավկորեական զորքերի ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ որևէ մանրամասն քննարկում չի եղել։
«Չի եղել որևէ խորքային քննարկում, օրինակ՝ մեր բանակի մասնակցությունը կոնկրետ ընդլայնելու վերաբերյալ», - ասել է նա՝ հավելելով, որ ցանկացած որոշում պետք է անցնի երկրի ներսում սահմանված իրավական ընթացակարգերով։