Երևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն այսօր շատ կարճ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նա սպառնացել էր՝ «Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել ա, լակոտիդ բռնելու ենք»։
Փաշինյանը նկատի ուներ Ծառուկյանի հետախուզվող որդուն, որը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանության և հափշտակության մեջ:
«Տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքի մարզում կրակել է ու հիմա փախած է, բռնելու ենք նստցնենք, չեք փախչելու ոչ մի տեղ, հերդ էլ չի փրկելու, հորողբերդ էլ չի փրկելու», - հայտարարեց Փաշինյանը:
Ծառուկյանն արձագանքեց. «Ամբողջ աշխարհում քաղաքականության մեջ կարգ կա, կանոն կա, որ երբեք ընտանիք, երեխա, ծնող, մայր, չի կարելի խոսել, հարց կա, թող իմ մասին խոսեն: Ես երբեք իմ կլասը չեմ գցի... քաղաքականության մեջ ընտանիք մտնել, երեխա, ծնող ասելը ընդունված չի, ես էլ իմ կլասը երբեք չեմ գցելու, ոնց կամ, այդպես էլ մնալու եմ»:
Թե Փաշինյանն ինչպես էր առանց դատարանի որոշման արդեն բանտ նետում Ծառուկյանի որդուն, չբացատրեց: Իսկ Գագիկ Ծառուկյանը երեկ լրագրողների հետ զրույցում ակնարկել էր, թե 2024-ից հետախուզվող որդին եթե Հայաստան գա, ապա իրեն կարող են ցավեցնել:
«Որ ասում են՝ կրակել է տղաս, տենց բան գոյություն չունի, ով կրակել է, զենքը տարել հանձնել է՝ 3 փամփուշտ պակաս, ասել է, որ կենդանի էր դուրս եկել, օդ է կրակել, որ իրենց վրա չհարձակվեր: Տղայիս հետ եղել են հինգ հոգի, հինգն էլ այսօր բաց թողած են», - ասել է Ծառուկյանը:
Լրագրողի հարցին՝ հիմա ինչի՞ չի գալիս Հայաստան որդին, ԲՀԿ առաջնորդն արձագանքել էր. «Ուզո՞ւմ եք ինձ ցավեցնե՞ն, որ գա նստի էլ, ես իրենց ասածները չեմ անելու»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Շուրջ մեկ տարի է՝ իրավապահներին չի հաջողվում Հայաստան վերադարձնել Նվեր ԾառուկյանինՀայաստանի դատախազությունը դեռ նախորդ տարվա հունվարին էր դիմել Բելառուսի գլխավոր դատախազությանը՝ Նվեր Ծառուկյանին հայտնաբերելու և հայ իրավապահներին հանձնելու միջնորդությամբ, Բելառուսից պատասխանել են՝ դա կանեն, երբ Ծառուկյանին իրենց տարածքում հայտնաբերեն ու ձերբակալեն: Այս միջնորդությունից ավելի քան մեկ տարի է անցել, բայց Նվեր Ծառուկյանը դեռ չի վերադարձվել Հայաստան։
Իսկ կրտսեր Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել 2024-ին՝ Ծաղկաձորի խաղատներից մեկում, որտեղ կրակոցներ էին հնչել։ Իրավապահների պնդմամբ՝ դեպքից հետո նա և իր թիկնապահները հեռացել էին՝ իրենց հետ տանելով խաղատան DVR սարքերը, որոնք պահպանում էին տեսախցիկների ձայնագրություններն ու համարվում էին կարևոր ապացույց։ Ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր, որ Ծառուկյանի որդին չի ընդունում մեղադրանքը և ոչ թե փախել է, այլ գործուղման մեջ է՝ Ռուսաստանից գնում է Բելառուս և հակառակը։
ՔՊ-ից նաև Ռուբեն Ռուբինյանն էր երեկ կարճ ռիլով անդրադարձել Ծառուկյանի ենթադրյալ շանտաժի մասին հայտարարությանն ու հարցրել, իսկ հնարավո՞ր է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է Ծառուկյանին թելադրում, և գուցե դրա համա՞ր է Ծառուկյանը խուսափում Լուկաշենկոյին քննադատել: Ռուբինյանը նաև ասել էր՝ Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի հետ քննարկել են 44-օրյա պատերազմի թեման: Ի դեպ, Բելառուսի նախագահը շնորհավորել էր Ադրբեջանին «տարածքներն ազատագրելու» համար։
Ծառուկյանին հարցրինք՝ ասելիք ունի՞ իշխանությանը. «Ընկերությունն ուրիշ բան է, պետական չինովնիկներն ուրիշ բան, երբ մարդիկ էդքան բանը կարողանան հասկանալ...»
Ծառուկյանն իր նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանում էր որտեղ, ըստ քաղաքապետարանի, օրերս ծեծի էր ենթարկվել թաղապետարանի աշխատակիցը: Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը սլաքները դեպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն էր ուղղել՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել «Հայրենիք» կինոթատրոնի շենքից ԲՀԿ-ի՝ պահանջներին չհամապատասխանող քարոզչական պաստառի հեռացնելուց հետո։
Ծառուկյանից հետաքրքրվեցինք՝ փորձե՞լ է պարզել՝ իր թիմակիցներն ինչ կապ ունեն միջադեպի հետ. «Ես տեղյակ չեմ, ով ասել է՝ գնացեք իրեն հարցրեք»:
Քարոզարշավի դուրս եկած ԲՀԿ առաջնորդը, որ մինչև այս պահը չի բացահայտում, թե, ով է իր ուժի վարչապետի թեկնածուն այսօր կրկին հայտարարեց՝ Հայաստանում կրթությունն անվճար է դարձնելու: Հարցրինք՝ ինչպե՞ս, ի՞նչ քայլերով չմանրամասնեց, այսօր նա տրամադրված չէր լրագրողների հարցերին պատասխանել
«Ո՞վ է դրանում կասկածում: Անհնարին ոչինչ չկա: Առաջինը կրթության համար հարկավոր է, որ Բոլոնիայի ծրագիրը չեղյալ համարեն, որ 12 տարին լինի 10 տարի», - ասաց Ծառուկյանը: