Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունը՝ քննարկելու TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Պատվիրակությանն ընդունել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ նրանք քննարկել և համաձայնեցրել են TRIPP-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր:

Գրիգորյանն ընդգծել է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի հետևողական իրագործման կարևորությունը:

Հայաստանի փոխվարչապետը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ներուժը և հեռանկարները:

ԱՄՆ պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղարության, ինչպես նաև Զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները: