Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի մի քանի մարզերի, կան տուժածներ

Ռուսական ուժերը մայիսի 12-ի գիշերը հարվածել են Կիևի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Խերսոնի մարզերին։

Կիևի մարզի Ֆաստովի շրջանում, Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով, հարձակման հետևանքով այրվել է մանկապարտեզի տանիքը։ Տուժածներ չկան։

Կիևում, քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ, անօդաչուի բեկորներն ընկել են 16-հարկանի բնակելի շենքի տանիքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Խարկովի շրջանում անօդաչուի հարվածից հետո ավերվել է բնակելի տուն, իսկ տնտեսական շինությունում հրդեհ է բռնկվել։

Դնեպրի վրա հարձակման հետևանքով, մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի փոխանցմամբ, մեկ տղամարդ վիրավորվել է։ Իսկ Խերսոնում հրետակոծության հետևանքով վիրավորվել է 68-ամյա կին։

Կեսգիշերին ավարտվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռօրյա հրադադարի ժամկետը, որի մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ ընթացքում կողմերը միմյանց մեղադրում էին հրադադարի խախտման մեջ, սակայն մասսայական հարվածներ չէին իրականացվում։