Թրամփը դժգոհ է Իրանի հետ բանակցություններից և քննարկում է ռազմական գործողությունները վերսկսելու տարբերակը․ CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից և վերջին շաբաթների համեմատ ավելի լուրջ է քննարկում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրներ։

Ըստ նրանց՝ Թրամփին հատկապես զայրացրել է Հորմուզի նեղուցի փակ լինելը, ինչպես նաև այն, որ Իրանի ղեկավարության ներսում տարաձայնությունները, Վաշինգտոնի կարծիքով, խոչընդոտում են միջուկային բանակցություններում էական առաջընթացին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանի վերջին պատասխանը Թրամփը համարել է «լիովին անընդունելի» և «հիմար»։ Վարչակազմում այժմ քննարկում են՝ շարունակել դիվանագիտական ջանքերը, թե ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա։

Նույն աղբյուրների համաձայն՝ ՝ առաջիկա քայլերի վերաբերյալ մեծ որոշում, ամենայն հավանականությամբ, չի կայացվի մինչև նախագահի՝ Չինաստան նախատեսված այցը, որը տեղի կունենա մայիսի 13-15-ը։