Իրանում մահապատժի են ենթարկել տղամարդու, որը դատապարտվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունների օգտին լրտեսության մեղադրանքով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իրանի դատական իշխանության Mizan լրատվական կայքին։
Ըստ Mizan-ի՝ մահապատժի ենթարկվածը Էրֆան Շաքուրզադեն է, որն աշխատել է արբանյակային գործունեությամբ զբաղվող գիտական կազմակերպությունում և, ըստ մեղադրանքի, գաղտնի գիտական տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հետախուզական ծառայություններին։
Իրավապաշտպան Iran Human Rights Society կազմակերպության տվյալներով՝ Շաքուրզադեն 29-ամյա ավիատիեզերական ճարտարագետ էր։
Կազմակերպությունը պնդում է, որ նա ձերբակալվել էր 2025 թվականին, իսկ խոստովանական ցուցմունքները ստացվել էին հարկադրանքի միջոցով։