Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել ուկրաինական անօդաչուների միջադեպից հետո

Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը մայիսի 10-ին հայտարարել է հրաժարականի մասին՝ Ռեզեկնեում տեղի ունեցած անօդաչուների միջադեպից հետո։

Մայիսի 7-ի գիշերը Լատվիայի օդային տարածք էին մտել անօդաչու սարքեր, որոնք, ըստ նախնական տվյալների, ներթափանցել էին Ռուսաստանի հետ սահմանի կողմից։ Դրանցից մեկը ընկել էր Ռեզեկնեում գտնվող նավթի պահեստավորման օբյեկտի տարածքում։ Reuters-ի տվյալներով՝ վնասվել է չորս դատարկ նավթային պահեստարան։

Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան ավելի վաղ պահանջել էր Սպրուդսի հրաժարականը՝ հայտարարելով, որ պաշտպանության նախարարը կորցրել է իր և հանրության վստահությունը։

Սպրուդսը, իր հերթին, հայտարարել է, որ որոշել է հեռանալ պաշտոնից՝ «լատվիական բանակը քաղաքական պայքարի մեջ ներքաշվելուց պաշտպանելու համար»։

Ըստ լատվիական կողմի՝ խոսքը, ամենայն հավանականությամբ, ուկրաինական դրոնների մասին է, որոնք արձակվել էին Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ հետաքննությունը ցույց է տվել՝ դրոնները շեղվել են ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի հետևանքով և Կիևը պատրաստ է համագործակցել Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ՝ նման միջադեպերը կանխելու համար։

Միջադեպից հետո Լատվիան և Լիտվան դիմել են ՆԱՏՕ-ին՝ տարածաշրջանում հակաօդային պաշտպանության ուժեղացման հարցով։