Մակրոնը կոչ է անում Ադրբեջանին և Թուրքիային բացել սահմանները

Երևանյան երկխոսության գագաթնաժողովին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է՝ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև:

«Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են կարծես ավար կամ մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին: Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվորպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև ... լինել խաչմերուկ այս տարածաշրջանում, լինել այդ միջին միջանցքը: Սա ենթադրում է, որ պետք է սահմանները բացել», - ասել է Մակրոնը:

Նա ընդգծել է, որ ցանկանում է հարևան երկրները դրսևորեն նույն խիզախությունը, «ձեզ ուղեկցեն այս խաղաղության և ժողովրդավարության ճանապարհին, որպեսզի բոլոր սահմանները բացվեն և բացվեն ամբողջովին»:

Սահմանների բացման անհրաժեշտության մասին

«Շատ հաճախ և երկար ժամանակ այս տարածաշրջանը հերմետիկ փակ է եղել և ինչպես ասում էր Թուրքիայի հայազգի երջանկահիշատակ լրագրող Հրանտ Դինքը, պետք է կոտրել այն կողպեքները, որոնք մոտ ժողովուրդներին դարձնում են հեռավոր հարևաններ: Իրականում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները պետք է բացվեն, և որպեսզի չլինի որևէ սահմանափակում Վրաստանի հետ: Սա է մեր համոզմունքը, և սա պետք է լինի Եվրոպայի հանձնառությունը», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

«Ես ցանկանում եմ նաև ողջունել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ապրանքաշրջանառության սահմանափակումների վերացումը և հաղորդակցությունների աստիճանական վերականգնումը: Բայց սա ընդամենը սկիզբն է: Մենք նաև ողջունեցինք Թուրքիայի և Հայաստանի սահմանների բացումը՝ հումանիտար օգնության տեղափոխման նպատակներով: Բայց սա առաջին ազդակն էր և մենք տեսանք, թե ինչքան կարևոր է, որ սահմանների բացումը լինի լիարժեք, որպեսզի այս կովկասյան պահը իրականություն դառան և որպեսզի ձեր երկիրը և ողջ տարածաշրջանը դառնա միջին արևելքի, կենտրոնական Ասիայի և Եվրոպայի խաչմերուկը: Սա թույլ կտա օգտվել այն բոլոր տնտեսական հնարավորություններից և ստեղծել խաղաղության ճանապարհ և ոչ թե տարբեր կայսրությունների մարտահրավերների ճանապարհ», - նշել է Մակրոնը:

«Բարգավաճումը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության»

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է՝ «խաղաղությունը, որ դուք ընտրել եք՝ իրատեսական է, բարգավաճումը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության»:

«Շատերը երկար ժամանակ մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը հնարավոր է միայն Ռուսաստանի հովանավոր թևի ներքո: Սակայն 2020 -ի թվականի պատերազմը, այն, ինչ որ դուք ապրեցիք, այն ողբեգրությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորությունը չէ, ինչպես որ շատերը պատկերացնում էին: Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին, և հասկացանք, որ այդ երազանքները իրականություն չեն, - նշել է Մակրոնը՝ հավելելով, - բոլորը կարծես սովորել էին, որ Ռուսաստանը պետք է լինի տարածաշրջանում հովանավորը , որովհետև Հարավային Կովկասը կարծես պետք է միշտ պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից: Իսկ Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ կա ժողովրդավարական ճանապարհ, որը որ դուք սկսել եք 2018 թվականից»:

«Վերջին 3 տարիների ընթացքում դուք ապացուցել եք այս փաստը և հարկավոր է, որ ամբողջ տարածաշրջանը հետևի ձեզ և սահմանները բացվեն ու հնարավոր լինի արդեն տարբեր երկրների միջև հաստատել խաղաղ հարաբերություններ, որպեսզի լինի այդ միջանցքը Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր արևելքի միջև», - հայտարարեց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մակրոնը վերահաստատում է Ֆրանսիայի աջակցությունը ՀայաստանինԵրևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, զուգահեռ բողոքի ակցիաներ էին Պետական այցով Մակրոնը Հայաստանում է