Հայաստանի նախագահի հրամանագրով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պարգևատրվել է Փառքի շքանշանով։ Մակրոնի որոշմամբ էլ նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով։
Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի բարձրագույն շքանշանն է։
Հայաստանի նախագահի և վարչապետի անունից՝ ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, նագահական նստավայրում տրվել է պետական ընթրիք:
«Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, թե նախագահ Մակրոնն ինչպիսի մեծ ներդրում ունի Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակի համար, որը մենք կարձանագրենք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունմամբ՝ որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք», - նշել է վարչապետ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ «այսօրվա մեր հանգրվանում նախագահ Մակրոնի դերը շրջադարձային է»
«Այսօրվա մեր իրականության և տարածաշրջանային ռազմավարության ճարտարապետությունը, ըստ էության, ձևավորվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր ներկա չեն եղել այդ հանդիպման սենյակում, ամենայն հարգանքով, ես ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող ասել, որ ամբողջությամբ իրապես և խորապես ճանաչում են նախագահ Մակրոնին, որովհետև այն, ինչ ես այդ օրը տեսել եմ, այդպիսի համոզմունք, այդպիսի նվիրվածություն, այդպիսի սկզբունքայնություն, այդպիսի հետևողականություն, այդպիսի համոզվածություն, այդպիսի աներերություն, այդպիսի վճռականություն, այդպիսի որոշում, որ պատմությունը պետք է կերտվի, ես չեմ կարդացել ոչ մի գրքում»։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Պրահայի քառակողմ հանդիպումից հետո հանդիպումից հետո նա գրեթե դուրս էր մնում հետագա բոլոր հանդիպումներից, մինչև որ հակամարտությունը կարգավորվեց նախագահ Ալիևի հետ։
«Այժմ իրավիճակը կարգավորվել է և, բարեբախտաբար, հանդարտվել է։ Բայց եթե մենք այդ ժամանակ ձեր կողքին էինք՝ այս ամենը ասելու համար, ապա դա այն պատճառով էր, որ դա արդար էր։ Դա արդար էր։ Եվ պատմության ընթացքում ձեր երկրի, ձեր ժողովրդի մղած պայքարը միշտ եղել է արդար պայքար՝ ցեղասպանության դեմ, ներխուժումների դեմ, և այդ դժվար պահերին՝ ձեր տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքների դեմ», - ասել է Մակրոնը։
Նա ընդգծել է՝ Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց։
«Ստորագրվելիք ռազմավարական գործընկերության համաձայնագիրը վերջին տարիներին ձեր կողքին մեր կատարած պաշտպանական ջանքերի արդյունքն է, քանի որ երբեք մեր հարաբերություններն այս մակարդակի չեն եղել։ Այն կբացի նոր տնտեսական էջեր մեր երկրների միջև, կամրապնդի կրթական, լեզվական և մշակութային կապերը։ Եվ շատերը, ովքեր այստեղ են, դեռ կշարունակեն գրել այդ պատմությունը», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։