Մակրոնը վերահաստատում է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին

Պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամվ՝ Էմանյուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին և խորացնելու երկկողմ փոխգործակցությունը, մասնավորապես պաշտպանության, ենթակառուցվածքների զարգացման, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և հաղորդակցության բնագավառներում՝ դրանք դիտարկելով որպես երկարաժամկետ գործընկերության առանցքային ուղղություններ։

«Շատ ուրախ եմ այսօր գտնվել Հայաստանում պետական այցով, մենք վաղը նույնպես կունենանք հանդիպումներ, որոնք, կարծում եմ, նոր էջ կբացեն Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների պատմության մեջ», - ասել է Մակրոնը:

Վահագն Խաչատուրյանն էլ նշել է. «Հայաստանը 1991 թվականից հետո հայտնվել է Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում և մենք անցել ենք այս ճանապարհը նաև Ֆրանսիայի աջակցությամբ և օգնությամբ: Իհարկե, դա իր պատմական արմատներն ունի, մենք քաղաքակրթական նույն արժեքների կրողն ենք, մենք քրիստոնեական արժեքների համար պայքարող շրջանակներում ենք միասին եղել: Վստահ եմ, Ձեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար»:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հետևողական դիրքորոշումը՝ ուղղված խաղաղության օրակարգի առաջմղմանը, ինչպես նաև բոլոր պետությունների հետ հարաբերությունների կառուցմանը՝ առանց նախապայմանների, փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման։