Իսրայելի հետ բանակցությունները կարող են կազմակերպվել միայն ռազմական գործողությունների լիակատար դադարեցումից հետո, այսօր հայտարարել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին։
Երկրի ամենաազդեցիկ շիա գործիչներից մեկը Բեյրությում լույս տեսնող «Ան-Նահար» պարբերականի հետ զրույցում ընդգծել է,որ «ցանկացած քաղաքական քննարկման պետք է նախորդի պատերազմի դադարեցումը»։
Լիբանանի խորհրդարանի նախագահի հայտարարությունը հնչել է երկրի հարավում չդադարող ռազմական գործողությունների ֆոնին։
Իրանամետ «Հեզբոլա» շարժումը անցած հանգստյան օրերին շարունակել է ԱԹՍ-երով հարվածներ հասցնել Իսրայելի ռազմական դիրքերին։ Իսրայելի բանակը, իր հերթին, Լիբանանի հարավում գտնվող ևս չորս գյուղերի բնակիչներից պահանջել է անհապաղ լքել իրենց տները։