Կույրերի միավորման մի խումբ անդամներ պահանջում են իրավապահների միջամտությունը՝ խորհրդային տարիներից իրենց տրամադրված ժառանգությունը տնօրինելու նպատակով։
Նրանք պնդում են, որ կազմակերպության 11 միլիարդ դրամ արժողությամբ 52 շենք-շինություններից իրենք շահույթ չեն ստանում, գումարը հոսում է մասնավոր գրպաններ։
«90 տոկոսը տրված է վարձակալության ու շուկայականից շատ ավելի էժան գներով: Մարդիկ այդ գույքը վերցնում են վարձակալության, ու ուղղակիորեն հանձնում են ենթավարձակալության: Այդտեղ եկամուտներ եմ գեներացվում, որոնք դուրս են մնում մեր միավորման բյուջեից», - ասում է Արմենակ Խաչատրյանը:
Խաչատրյանի տվյալներով՝ կազմակերպության ղեկավարները գույքի 90%-ը վարձակալության են տվել շուկայականից անհամեմատ ցածր գներով։ Ուսումնասիրել են շուրջ 170 գործարք ու պարզել՝ բոլոր դեպքերում գործում է նույն սխեման. Երևանի եկամտաբեր տարածքները ցածր գնով տրվում են միջնորդների, որոնք իրենց հերթին վարձակալության են տալիս ու իրենցից՝ կույրերից, շատ ավելի մեծ շահույթ են ստանում։
«Այս պահին եղած նախագահը՝ 2018 թվականին ոմն Մարինա Հասրաթյանի տվել է 20 տարով վարձակալության 800 քառակուսի մետր տարածք վարչական շենքում մոտավորապես՝ քառակուսու համար երկու հազար դրամով, իսկ այս տիկինը՝ 8-9 հազար դրամով ենթավարձակալություն է տվել»,- շեշտում է Արմենակ Խաչատրյանը:
Նա և ընկերները պահանջում են, որ ցածր գնով ու երկարաժամկետ՝ 20, 30, 40 տարով տրված վարձակալության պայմանագրերը վերանայվեն և նորերը կնքվեն շուկայական գներով։
Ըստ պայմանագրերի՝ Կոմիտասի պողոտայի բանուկ հատվածում գտնվող տարածքի քառակուսի մետրը վարձակալում են միջինը 2000 դրամով։ Մինչդեռ, Կոմիտասի փողոցում վարձակալության շուկայական միջին գինը մոտ յոթ անգամ ավելի բարձր է։
Կույրերի միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանը
Մինչ նրանք հարցնում են, թե ինչո՞ւ պետք է հենց միավորումը չստանար այս եկամուտները, միավորման նախագահը հակադարձում է՝ «նախկիններն են մեղավոր, իրենք ժառանգել են հին պայմանագրերը»։
Միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանն էլ է ընդունում, որ վարձակալության գները ցածր են։ Մյուս կողմից, նկատում է՝ իրենց ունեցածը սովորաբար անխնամ տարածք է, որը վարձակալները կարգի են բերում։
Բագրատ Մակարյանը ղեկավար կազմից է, սակայն պնդում է՝ նոր նախագահն իրենց չի լսում, փոխարենը շարունակում է հնի գործելաոճը։
Մինչ Կույրերի միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանը պնդում է, որ կոռուպցիոն որևէ գործարքներ չկան, նրա ընդդիմախոսները հարցնում են՝ ինչո՞ւ է Երևանի Երիտասարդական մետրոյին կից շենքի երկրորդ հարկը վարձով տրվել 20 տարով՝ քառակուսին շուրջ 3000 դրամով։
Նախագահ Խաչատրյանն այս հարցի պատասխանն էլ ունի՝ ոչ մեկը կարճ ժամկետով չի համաձայնում վարձակալել, իսկ էժան է տվել, քանի որ տարածքն անմխիթար վիճակում էր, և 100-ից ավելի մարդ հրաժարվել էր վարձակալել այն։
Արմենակ Խաչատրյանն ու համախոհները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել դատախազություն։ Քննիչն ու դատախազը գործ հարուցելու հիմք չեն տեսել։ Կույրերը տեսնում են ու այժմ դատարան են դիմել՝ իրենց այնքան անհրաժեշտ գումարները ստանալու, գույքը վերադարձնելու համար։ Դատարանը դեռ քննում է բողոքը։
Մանրամասները՝ տեսանյութում.