«300 հազար ադրբեջանցիները»՝ նախընտրական բանավեճի թեմա. Կարապետյանը պնդում է, Փաշինյանը՝ հերքում

«Սյունիքի կորցնելու վտանգն եմ տեսնում, Սևանի Գյոլչա դառնալու վտանգը». Կարապետյան

300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող պահանջը Հայաստանում դարձել է նախընտրական բանավեճի առարկա: Ընդդիմադիր առանցքային որոշ ուժեր պնդում են, թե վարչապետ Փաշինյանը կատարելու է նաև Բաքվի այս մի պահանջը՝ Հայաստան բերելով 300 հազար ադրբեջանցիների, մինչդեռ իշխանությունը հերքում է, թե նման մտադրություն ունի՝ այս հարցը բարձրացնողներին իր հերթին մեղադրելով ադրբեջանական նարատիվները տարածելու մեջ:

«Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 միլիոն հայի հայրենիք, իսկ Փաշինյանն ուզում է դարձնել 3 միլիոն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք, - հայտարարել է հունիսի 7-ի ընտրապայքարին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, - Սյունիքի կորցնելու վտանգն եմ տեսնում, Սևանի Գյոլչա դառնալու վտանգն եմ տեսնում, Հայաստանի թրքացման վտանգն եմ տեսնում, բայց մի անհանգստացի։ Մենք դրա դիմաց ստեղծելու ենք 300 հազար աշխատատեղ հայերի համար»։

Սամվել Կարապետյանն է հաճախ այս մասին մեղադրանքներ հնչեցնում իշխանության հասցեին: Ընդ որում, եթե օրերս 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը միլիարդատեր գործարարը հակադրել էր իր կողմից 300 հազար աշխատատեղերի ստեղծման խոստման հետ, ապա նախօրեին տված հարցազրույցում Կարապետյանը զարգացրեց թեման՝ ընդհուպ հասնելով հայկական բանակում ադրբեջանցիների հնարավոր ծառայությանն ու դրա վտանգավոր հետևանքներին:

«300 հազար ադրբեջանցի բերելով՝ մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենալ ամենաքիչը 10 հազար ադրբեջանցի ծառայողներ, իսկ մենք շատ լավ ենք հիշում Սաֆարովի Հունգարիայում կատարածը», - ասել է նա:

Ադրբեջանցիների վերադարձի հարց Հայաստանի և Ադրբեջանի օրակարգում չկա. Փաշինյան

Վարչապետը, մինչդեռ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարց Հայաստանի և Ադրբեջանի օրակարգում չկա: Փաշինյանն այս հարցի քննարկումը «էժան քաղաքական շահարկում» որակեց:

«Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել և չենք քննարկում», - պնդեց նա:

Փաշինյանի համոզմամբ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենք էլ չեն հասկանում, թե ինչու են այս հարցը բարձրացնում և ինչ նպատակով, քանի որ դա անում են կոնկրետ ցուցումով: Վարչապետը, սակայն, չմանրամասնեց, թե ով է տվյալ դեպքում հանձնարարել Սամվել Կարապետյանին խոսել այս թեմայի շուրջ:

«Կալուգացի օլիգարխը, 100 տոկոսով համոզված եմ, որ չի հասկանում՝ ինքն ինչ է ասում ու ինչի համար է ասում: Իրեն հանձնարարում են, ինքը ասում է։ Ինքը չի հասկանում՝ ինչի մասին է խոսում, ինքը հարցերի փոխկապակցվածություններն էլ չի հասկանում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռևս անցած հունիսին էր հայտարարել, թե Հայաստանը պարտավոր է հարգել ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողեր վերադառնալու իրավունքը»: Ավելին՝ պնդել էր, թե «ադրբեջանցիների վերադարձը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման և հաշտության կարևորագույն նախապայման է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը կրկին խոսել է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել»,- ասել էր Ադրբեջանի նախագահը՝ պահանջելով Երևանից հստակ ասել՝ երբ են արևմտյան ադրբեջանցիները վերադառնալու»:

Լրագրողներն այսօրվա ճեպազրույցին վարչապետին հարցրին՝ արդյոք հանուն խաղաղության, որ պատերազմ չլինի, Փաշինյանը կհամաձայնի՞ Բաքվի այս պահանջին, ինչին նա պատասխանեց. «Գիտեք, ես տպավորություն ստացա, թե Ադրբեջանի լիազոր ներկայացուցչի հետ եմ խոսում, որովհետև ասում եք՝ պիտի ուղիղ պատասխանել այդ հարցին՝ այո՞, թե՞ ոչ»։

Փաշինյանը նախ մեղադրեց լրագրողներին ադրբեջանական նարատիվները տարածելու համար, ապա շեշտեց՝ իրենք այլևս Ադրբեջանի հետ չեն քննարկվում ո՛չ Ղարաբաղի և ո՛չ էլ Բաքվի ու այլ շրջանների հայերի վերադարձի հարցը: Վարչապետը կարծում է, որ այս երկու հարցերը փոխկապակցված են, և երբ որոշ շրջանակներ շարունակում են խոսել Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի մասին, նրանք տեղ են բացում ադրբեջանցիների Հայաստան վերադարձի խոսույթի համար, ինչը, ըստ Փաշինյանի, իրենք փակել են:

«Մենք արդեն ընդունել ենք նրանց, ում պետք է ընդունենք։ Խոսքը Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների մասին է, և նրանք, ովքեր ծածանում են դրոշներ և խոսում են Ղարաբաղի մեր քույրերի և եղբայրների վերադարձի իրավունքի մասին, նրանք ուզում են տեղ բացել այդ խոսակցության համար, որովհետև մեր քաղաքականության արդյունքում այդ տեղը փակվել է», - շեշտեց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հերքում է իրենց լուծարման լուրերը

«Արցախի հարցը լրիվ այլ թեմա է». Քոչարյան

Փաշինյանի այս պնդման հետ համաձայն չէ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ նախագահը կարծում է, որ արցախահայերի վերադարձի հարցը որևէ կապ չունի ադրբեջանցիների վերադարձի հետ: Քոչարյանի համոզմամբ՝ երբ Ադրբեջանը բարձրացնում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը, Երևանն էլ պետք է խոսի Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից գաղթած հարյուր հազարավոր հայերի վերադարձի մասին:

«Արցախի հարցը լրիվ այլ թեմա է, որովհետև Արցախն ուներ և՛ սովետի ժամանակ կարգավիճակ, և՛ Արցախի ինքնորոշումը եղել է ամբողջությամբ միջազգային ընդունված սկզբունքների շրջանակներում», - նշել է նա:

Դա խաղաղությո՞ւն է. Ծառուկյան

Ի դեպ, ի տարբերություն Սամվել Կարապետյանի՝ Ռոբերտ Քոչարյանը առնվազն հրապարակավ չի մեղադրել Փաշինյանին 300 հազար ադրբեջանցիներ Հայաստան բերելու մտադրության մեջ: Փոխարենն այս թեման մեկ այլ ընդդիմադիր ուժի՝ ընտրական պայքարի մեջ մտած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օրակարգում է:

«Դա խաղաղությո՞ւն ես համարում», - նշեց Ծառուկյանը:

Ընտրություններին ընդառաջ մարզերում ժողովրդի հետ հանդիպումներում Գագիկ Ծառուկյանը հաճախ է անդրադառնում 300 հազար ադրբեջանցիների վերադարձի վտանգներին: Օրերս անգամ գույքահարկը 100 տոկոսով բարձրացնելու հարցի շուրջ խոսելիս անդրադարձավ այս թեմային. «Այսօր գույքահարկն ավելացրել են, այսինքն՝ մարդուն առաջարկում են, որ դու քո տները ծախի, գնա, ադրբեջանցիների այդ 300 հազարը պետք է գան, այստեղ գնե՞ն, մնա՞ն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերքեց նաև, թե երեկ Հայաստան այցելած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկվել է ադրբեջանցիների վերադարձի հարցը: