ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնը բռնագրավել է Իրանին պատկանող «մոտ կես միլիարդ» կրիպտոարժույթ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը բռնագրավել է Իրանին պատկանող «մոտ կես միլիարդ» կրիպտոարժույթ:

Սքոթ Բեսենթը պնդել է, որ տնտեսական ճնշման և իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակման արդյունքում Իրանի կառավարությունն արդեն «ճգնաժամի» մեջ է հայտնվել: Ապա հավելել է, որ այս միջոցառումները մշտական վնաս կհասցնեն Իրանի տնտեսությանը։

Իրանում, մինչդեռ, համաձայն չեն ամերիկացի նախարարի պնդումների հետ: Խորհրդարանի խոսնակը հերքել է, թե տնտեսական ճնշումը խնդիրներ է ստեղծում Իրանի համար: Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցում գրել է, որ մինչ այժմ իրանական նավթահորերում պայթյուններ չեն եղել՝ հավելելով, որ երկիրը պատրաստ է դիմանալ տնտեսական ճնշմանը առնվազն ևս 30 օր։ Նա նաև քննադատել է Բեսենթին՝ Թրամփին վատ խորհուրդներ տալու համար:

«Ահա այսպիսի անհեթեթ խորհուրդներ էր ԱՄՆ վարչակազմը ստանում Բեսենթի նման մարդկանցից, որոնք ևս առաջ են մղում շրջափակման տեսությունը և արդյունքում նավթի գինը բարձրացրել մինչև 120 դոլարից ավելի։ Հաջորդ կանգառը՝ 140 դոլարն է։ Խնդիրը տեսությունը չէ, այլ մտածելակերպը»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը: