Բյուրեղավանում խմելու ջրում շեղումներ են հայտնաբերվել

Ապրիլի 21-ին Բյուրեղավանում արձանագրվել էր աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, 11 մարդ հոսպիտալացվել էր, շտապ օգնությունը 30 կանչ է ստացել այդ օրը՝ բոլորն աղիքային խնդիրներով: Դեպքից 8 օր անց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարեց՝ խմելու ջրում արձանագրվել են շեղումներ:

ՀՎԿԱԿ-ը ստուգել է խմելու ջուրն ու հայտնաբերել կոլիֆորմ մանրէներ, ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։ Սա նշանակում է, որ այդ ջուրը խմած մարդկանց մոտ կարող էին առաջանալ լուծ, փսխում, որովայնային ցավեր, ջերմություն և այլ թունավորման ախտանիշներ։

ՀՎԿԱԿ-ից վստահեցնում են՝ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին։ Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել: ՀՎԿԱԿ-ից նաև հայտարարել են՝ պատկան մարմիններն իրազեկված են:

Չնայած ՀՎԿԱԿ-ի հայտարարությանը, որ խմելու ջրում հայտնաբերվել են շեղումներ, «Վեոլիա Ջուր»-ից շարունակում են պնդել՝ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չեն հայտնաբերել:

Դեպքի օրը ընկերությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Աբովյանի» լաբորատորիայի կողմից նույն օրը Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ և արդյունքում շեղումներ չեն հայտնաբերել:

Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ հաղորդումը ստացել են դեպքի հաջորդ օրն ու հենց նույն օրն էլ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Հարուցված հոդվածի շրջանակներում կոմիտեն պետք է պարզի՝ արդյո՞ք շրջանառության մեջ են դրվել վտանգավոր կամ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումք, ապրանք, աշխատանք կամ ծառայություն։