Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ երիտասարդական Աշխարհի առաջնությունը

Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում և Վրաստանում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

ՀՖՖ-ի փոխանցմամբ՝ Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի խորհրդի նիստում հաղթող է ճանաչվել Հայաստանի և Վրաստանի՝ մրցաշարը համատեղ հյուրընկալելու հայտը։

Իր տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ Հայաստանի տարածքում խաղերը կանցկացվեն Երևանում, Վանաձորում և Իջևանում։

«Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում Իջևանում նաև ստադիոն կկառուցվի, իսկ Երևանում Հանրապետական մարզադաշտը որոշակի վերափոխումների կենթարկվի», - մանրամասնել է Փաշինյանը։