«ԴՈԳԸ», Քենիայի «նախկին փոխոստիկանապետը», Երևանի նախկին քաղաքապետն ու նախկին օմբուդսմենը. ովքե՞ր են ընտրություններին մասնակցող 19 ուժերը

Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցում են 19 հայտնի ու անհայտ քաղաքական ուժեր՝ փորձելով ստանալ շուրջ երկուսուկես միլիոն ընտրողների ձայները։

Այս անգամ ընտրապայքարի մեջ են մտել ոչ միայն Հայաստանը 8 տարի ղեկավարող Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այլև Քենիայի «նախկին փոխոստիկանապետ» Արտակ Սարգսյանը, ամերիկյան բանտում գտնվող «ԴՈԳ» մականունով նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ու Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։

Ովքե՞ր են նորեկները

Վարչապետի պաշտոնին է ձգտում նորաստեղծ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ղեկավար Արտակ Սարգսյանը, որը հանրությանը առավել հայտնի է «Արթուր բըրադըրզ» անունով։ Վերջինս Քենիայում՝ եղբոր Արթուրի հետ երկար տարիներ ներգրավված է եղել վիճահարույց քաղաքական և բիզնես գործընթացներում։


Միջազգային մամուլը գրել էր, որ նրանք 2000-ականների սկզբին Քենիայում մեղադրվել են թմրանյութերի շրջանառության, փաստաթղթերի կեղծման և այլ հանցագործությունների մեջ։ Սարգսյանը, սակայն, հերքում է մեղադրանքները։

«Ազատության» հետ զրույցում նա փոխանցեց, թե 16 տարի՝ 2004-ից մինչև 2020 թվականը, Քենիայում զբաղեցրել է փոխոստիկանապետի պաշտոնը և ենթարկվել է միայն նախագահ Քիբաքին։

Վարչապետի թեկնածուն պնդում է, որ ոչ թե թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ է զբաղվել, այլ Քենիայում ստեղծել է թմրանյութերի դեմ պայքարի վարչություն, ավելին՝ ղեկավարել արագ արձագանքման խմբեր։

«Ազատություն». - Ի պաշտոնե փոխոստիկանապետ էիք:

Արտակ Սարգսյան. - Այո, բայց քանի որ այդ հաստիքը ուրիշ չկար, ես չէի պատկանում ոստիկանապետին, պատկանում էի անմիջապես նախագահին: Կանխել ենք երեք հեղաշրջում, հաղթել ենք ընտրությունները, 80 տոկոս հաղթանակ ենք ունեցել, օգնել եք հարևան բռնապետական երկրներին, որպեսզի կատարեն իշխանափոխություն:

90-ականներից աֆրիկյան երկրում գործունեություն ծավալած և 2020-ին Հայաստան վերադարձած Արտակ Սարգսյանը 2024-ին միացավ Բագրատ արքեպիսկոպոսի շարժմանը։

Օրեր անց Սարգսյան եղբայրները ասֆալտին պառկեցվեցին ԱԱԾ-ի կողմից՝ ապօրինի զենքի կասկածանքով։ Հետո արդեն մեղադրանքը փոխվեց՝ փողերի լվացման և սահմանը ապօրինի հատելու հոդվածներով։ Արտակ Սարգսյանը տևական ժամանակ տնային կալանքում էր։ Նրա գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։

Նախկինում Քենիայի փոխոստիկանապետ, այժմ արդեն Հայաստանի վարչապետի թեկնածուն վստահ է, որ մինչև 30 տոկոս ձայն կարող է ստանալ ընտրություններում, թեև չի թաքցնում՝ ճանաչելիության խնդիր ունի. «30 + տոկոս: Հարցումներով, սոցհարցումներով: Ճանաչելիության վրա աշխատում ենք ու աշխատելու ենք»:

Ի դեպ, Արտակ Սարգսյանի նախընտրական ցուցակի 2-րդ համարը դեռևս 90-ականներից «Քաղաքագետների միության» նախագահի պաշտոնը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանն է։ Միության ևս մի քանի անդամներ ընդգրկվել են Սարգսյանի կուսակցության ցուցակում։

Խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ վարչապետի թեկնածու է առաջադրվել շուրջ մեկուկես տարի ամերիկյան բանտում գտնվող «ԴՈԳ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը։ ԴՕԿ կուսակցության նախընտրական ցուցակը, ի դեպ, հենց նա է գլխավորում, թեև օրենքով պատգամավորի թեկնածուն վերջին 4 տարում պետք է մշտապես Հայաստանում բնակվի։

Ղուկասյանը 2022-ից գտնվում է Միացյալ Նահանգներում և ժամանակին այդ երկիրը չլքելու և միգրացիոն կարգը խախտելու մեղադրանքով մինչև օրս կալանքի տակ է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Դոգն» այս ամիս դուրս կգա բանտից և կառաջնորդի ԴՕԿ դաշինքը

Եթե Վարդան Ղուկասյանը վերջին 4 տարում չի բնակվել Հայաստանում, ապա ինչպե՞ս է հավակնում լինել պատգամավորի և նաև վարչապետի թեկնածու։ ԴՕԿ կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարը՝ Լևոն Բաղդասարյանը, ով նաև Վարդան Ղուկասյանի փաստաբանն է, «Ազատությանը» փոխանցեց, որ քանի որ իրավական նախադեպեր եղել են՝ ի դեմս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի, ովքեր, օրենքի հետ խնդիր ունենալով, ամեն դեպքում պաշտոն են զբաղեցրել, հետևաբար Վարդան Ղուկասյանն էլ կօգտվի այդ հնարավորությունից։ Ինչպես Լևոն Բաղդասարյանն է ասում, մի բան, եթե կարելի է Քոչարյանին և Սարգսյանին, կարելի է նաև Ղուկասյանին։

«Պարոն Ղուկասյանն իրավունքի ուժով իրավունք ունի ընդգրկվել պատգամավորի ցուցակում և իրավունքի ուժով կարող է լինել վարչապետ», - ասաց նա:

Եթե «ԴՈԳ»-ին ԿԸՀ-ն չգրանցի, ապա պատգամավորի թեկնածու փաստաբանն ասում է, որ որոշումը կբողոքարկեն դատարանում։

Ընտրապայքարի մեջ առաջին անգամ մտել է նաև «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը, որը ստեղծվել է 2025-ին:
Այս ուժի 40-ամյա ղեկավար Գուրգեն Սիմոնյանը մասնագիտությամբ ճարտարագետ-տնտեսագետ է, 2019-20 թվականներին աշխատել է Հանրային խորհրդում, քաղաքականություն է մտել տակավին վերջերս՝ 2024 -ին:

Նորաթուխ քաղաքական գործիչը, սակայն, արդեն հասցրել է հայտնվել Հանրապետական ինստիտուտի վերջին հարցումներում, համաձայն որի՝ 1 տոկոս ձայն ունի՝ ճիշտ այնքան, որքան «ԴՈԳ» մականվամբ Վարդան Ղուկասյանն ու նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը: Այս ուժը, սակայն, արդեն պնդում է, թե հունիսի 7-ի ընտրություններում իրենց հավաքած ձայներով 2 -րդն են լինելու. «Եվ ի վերջո մենք պատմության գիրկը կուղարկենք և՛ նախկիններին, և՛ ներկաներին»:

Արժանիների իշխանություն խոստացող վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը ցանկանում է, որ Հայաստանը դուրս գա և՛ ԵԱՏՄ, և՛ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ն անվանում է «վերապրուկ» և ձգտում է դեպի Եվրոպա: Սիմոնյանն օրերս կուսակցության ժողովին էր ներկայացել է մի սափորով՝ տեղեկացնելով, որ այնտեղ լցնելու են Հայաստանի բոլոր բնակավայրերից մի պտղունց հող և այդ հողով տնկելու են միասնության ծառը: Ընդ որում, մեծ երազանքների և մեծ հայրենիքի մասին խոսող գործիչը սափորի մեջ առաջինը լցրեց, իր խոսքով, Մեծ Հայքի 15 նահանգներից բերված հողը:



Նորելուկ ուժերի մեջ է նաև «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը: Նորաստեղծ այս ուժն առաջարկում է ձայն տալ իրենց՝ խոստանալով 100 օրվա անցումային կառավարություն ձևավորել և անհրաժեշտ փոփոխություններից հետո հրաժարական տալ՝ անցկացնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Մեր քարոզարշավն ուղղված է լինելու այն մարդկանց, ովքեր բոլորին դեմ են՝ իրենք կամ չեն գնում ընտրության, կամ վատի ու վատագույնի մեջ են ընտրում: Մենք փորձելու ենք այդ մարդկանց ձայների զգալի մասը բերել մեր կողմ», - ասաց ներկայացուցիչներից Սպարտակ Կյուրեղյանը:

Խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ մասնակցում է նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ իր «Նոր ուժ» կուսակցությունով: Դեպի Եվրոպա ձգտող նախկին ՔՊ-ական Մարությանը խոստանում է չեղարկել կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետը, արգելել օնլայն խաղատները: Նախկին քաղաքապետը նշում է, թե իր առավելագույն ծրագիրը իշխանափոխությունն է, նվազագույնը՝ ընդդիմափոխությունը:

«Մեր սկետչերի լեզվով ասած՝ այդ բոշա-փչացած համակարգը պետք է քանդել: Պառլամենտի լսումների որ օրը միացնես, մեկը մյուսին ասում է փոշա, փչացած», - ասել է Մարությանը:

Ընտրություններին առաջին անգամ մասնակցում է նաև նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ իր նորաստեղծ «Միասնության թևերով»: Թաթոյանը խոստանում է պաշտպանել ազգային շահերը՝ առաջարկելով ընտրել Հայաստանը, այսինքն՝ իրենց:

«Մոսկվայից բացահայտ տեսախցիկի առաջ հայտարարում են՝ «ձեր ընտրություններում ուզում ենք տեսնել ռուսամետ ուժեր», Բաքվից ասում են՝ «մենք ուզում ենք, որ հաղթի Նիկոլ Փաշինյանը»: Հունիսի 7-ի ընտրություններն այն մասին են, թե ինչ ենք ուզում մենք», - նշել է նա:



Ընտրապայքարի մեջ առաջին անգամ են մտնում նաև «Տավուշը հանուն հայենիքի շարժման» ղեկավարներից Սուրեն Պետրոսյանը՝ իր «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությամբ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը գլխավորում է «Ռեֆորմիստների» կուսակցության ցուցակը:

Հունիսի 7-ի ընտրական պայքարի մեջ են մտել նաև հանրությանը հայտնի ուժեր, որոնք, սակայն, նախորդ ընտրություններում չհաղթահարելով անհրժեշետ շեմը՝ դուրս մնացին խորհրդարանից:

Իրենց բախտը կրկին փորձում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը, որը 2021-ին ստացել էր շուրջ 19 հազար ձայն, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», որը նախորդ անգամ ստացել էր շուրջ 15 հազար ձայն, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», որը կրկին դուրս էր մնացել խորհրդարանից՝ հավաքելով 38 հազար ձայն, «Ազգային ժողովրդավարական բևեռը», որը ստացել էր 18 հազար ձայն: Ի դեպ, այս ուժի վարչապետի թեկնածուն անզատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն է: