Ֆինլանդիան միացել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հարցով Հատուկ տրիբունալ ստեղծելու համաձայնագրին

Ֆինլանդիան միացել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հարցով Հատուկ տրիբունալ ստեղծելու համաձայնագրին:

«Ֆինլանդիան դարձել է 21-րդ պետությունը, որը պաշտոնապես միացել է Տրիբունալին։ Մենք ակնկալում ենք, որ այս թիվը կշարունակի աճել»,- X-ում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան՝ ընգծելով՝ հրավիրված են բոլոր պետությունները, ոչ միայն եվրոպականները։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը մի քանի շաբաթից քվեարկության կդրվի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում, որը տեղի կունենա Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։

«Հրավիրված են բոլոր պետությունները, ոչ միայն եվրոպականները։ Աշխարհագրությունը նշանակություն չունի, երբ խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի համընդհանուր արժեքին և արդարության անհրաժեշտությանը։ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հարցով Հատուկ տրիբունալը պատմական նախաձեռնություն է։ Միացեք մեզ՝ այն իրականություն դարձնելու համար», - ընդծել է Սիբիհան։

Տրիբունալի կանոնադրությունը թույլ է տալիս ինչպես անձնական ներկայությամբ, այնպես էլ հեռակա դատավարություններ։ Մեղադրական վճռի դեպքում մեղադրյալներին կարող է սպառնալ մինչև 30 տարվա ազատազրկում, իսկ առավել ծանր դեպքերում՝ ցմահ ազատազրկում։ Տրիբունալը նաև նախատեսում է գույքի բռնագրավում և տուգանքներ, որոնցից ստացված միջոցները կփոխանցվեն Ուկրաինայում ռուսական ագրեսիայի զոհերի փոխհատուցման հիմնադրամին։
Անցյալ տարվա հունիսի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ստորագրել էին տրիբունալ ստեղծելու համաձայնագիրը։