4 տարի անց՝ Սոնա Մնացականյանի գործը դեռ վերջնական վճռի փուլում

Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած վարչապետի շարասյան վարորդի վերջնական պատիժը պարզ կդառնա մայիսի 18-ին, երբ վերաքննիչ դատարանը հրապարակի վճիռը։

Ողբերգական այս դեպքը տեղի էր ունեցել շուրջ 4 տարի առաջ՝ Երևանի կենտրոնում, երբ վարչապետի շարասյան առաջին մեքենայի հարվածից 28-ամյա հղի կինը մի քանի մետր այն կողմ էր նետվել ու տեղում մահացել:

Առաջին ատյանի դատարանը նախորդ տարի վարորդ Արամ Նավասարդյանին դատապարտել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Քանի որ դատավճիռը երկու կողմն էլ բողոքարկել է, ու այն դեռ ուժի մեջ չի մտել, վարորդը շարունակում է մնալ ազատության մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ընտրովի արդարադատություն». Փաշինյանի շարասյան կապիտանը դատապարտվել է, բայց ազատ է և աշխատում է

Նավասարդյանը վերաքննիչ դատարանից պահանջում է արդարացում՝ պնդելով, որ ինքն արագությունը չի գերազանցել, տուժողի ընտանիքը՝ պատժի խստացում՝ մինչև 4 տարվա ազատազրկում:

Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հույս ունի, որ վերաքննիչը կբավարարի իրենց բողոքը: Բայց շարունակում է մտավախություն ունենալ, որ մինչև գործի ավարտը կարող է լրանալ վաղեմության ժամկետը, իսկ դա 2027 թվականն է:

«Եթե օրինակ՝ մայիսի 18-ին ավարտի, տա 4-5 ամիս հետո այդ որոշումը, ստանալու պահից մեկամսյա ժամկետում կողմերն իրավունք ունեն բողոքարկել, դա կարող է հանգեցնել վաղեմության ժամկետներն անցնելուն, բայց ամեն դեպքում այս պահին ոչինչ չենք կարող գուշակել», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա։

Սոնա Մնացականյանի հայրը՝ Մացակ Մնացականյանը, դատավարության երեք տարիների ընթացքում պնդում էր՝ եթե մինչև վարչապետի շարասյան անցնելը Պարոնյան-Լեո խաչմերուկը պատշաճ փակ լիներ, իր դուստրը չէր կարող հասնել խաչմերուկի վտանգավոր գոտի ու հայտնվեր արագ սլացող մեքենայի անիվների տակ: Նրանք նաև դժգոհում էին, որ դստերը վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը չի հեռացվել աշխատանքից և ողջ դատավարության ընթացքում մնացել է ազատության մեջ:

Նախորդ տարի առաջին ատյանի դատարանի վերջին նիստից Սոնա Մնացականյանի հայրը հիասթափված էր հեռացել, ասում էր՝ 1 տարի 6 ամիսը մեղմ պատիժ է իր հղի դստերը մահացու վրաերթի ենթարկած վարորդի համար:

Վարորդի փաստաբան Ռուբեն Բալոյանը առաջին ատյանի որոշումից հետո էլ պնդել էր՝ իր պաշտպանյալը չի գերազանցել արագությունը, Սոնա Մնացականյանն է անտեսել տեսուչի հրահանգն ու հասել խաչմերուկի կենտրոն. «Այս գործով այնքան կոպիտ դատավարական սխալներ են թույլ տրվել։ Երեք փորձագետի եզրակացություն կա, որ խաչմերուկը կարգավորող տեսուչը խախտում թույլ չի տվել։ Եթե խախտում թույլ չի տվել, ուրեմն Արամ Նավասարդյանը, կոպիտ ասած, խաչմերուկ է մուտք գործել կանաչ լույսի տակ։ Տեսուչի հրահանգով դա կանաչ լույս է իր համար: Նավասարդյանի մեղադրանքի մեջ նշված է, որ Սոնան խաչմերուկ է մուտք գործել լուսացույցի կանաչ լույսի տակ և ճանապարհը հատել է հետիոտնային անցումով: Ես մեռա բացատրելով՝ եթե խաչմերուկում կարգավորող կա, չի գործում լուսացույցի լույսը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սոնա Մնացականյանի գործով վճիռը երկու կողմն էլ կբողոքարկի

Այս ընթացքում վերաքննիչ դատարանում 3-4 նիստ է ընթացել, երկու կողմերը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։ Նիստը, սակայն, օրերս հետաձգվել էր: Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը կարծում է, որ գուցե դատարանը ծանրաբեռնվածության պատճառով է այն մեկ ամսով հետաձգել, բայց այս հարցում էլ մտահոգություններ ունի:

«Երեկ լսեցի, որ նիստը նախագահող դատավորի վրա էլ կարգապահական վարույթ են հարուցել մեկ այլ ինչ-որ հանգամանքներով՝ արդարադատության նախարարի դիմումով: Ես չգիտեմ՝ դա որքանով է կապված ճնշում գործադրելու հավանականության հետ, որքանով կապ չունի, չեմ կարող ենթադրություններ անել», - նշեց նա:

Րաֆֆի Ասլանյանի խոսքով՝ գործի կարևոր հանգամանքներ կարող էին պարզվել, եթե շարասյան ռադիոկապի ձայնագրությունները չանհետանային: Ոստիկանությունը հայտնել էր, թե դրանք չեն պահպանվել՝ տեխնիկական խոտանի պատճառով։ Փաստաբանն ասում է՝ այդ ձայնագրությ ուններից պարզ կլիներ, թե օրինակ՝ ով է վարորդ Նավասարդյանին հրահանգել, որ խաչմերուկը պատշաճ փակ է, ու նա կարող է անցնել:

«Ձայնագրող սարքով դարձյալ փորձաքննություն չի նշանակվել։ Ըստ էության, մեզ համար տեսանելի չէ, թե դրանով ինչ քննություն է կատարվում։ Այս ամենն արվում է միտումնավոր», - ասաց փաստաբանը:

Ասլանյանը նաև պահանջել էր, որ շարասյան ղեկավար կազմը պատասխանատվության ենթարկվեր, բայց մտահոգված է՝ սրա ժամկետն էլ է մյուս տարի ավարտվում: