Իսրայելը կոչ է արել Լեհաստանին միջոցներ ձեռնարկել Իսրայելի դրոշը սվաստիկայով ցուցադրած պատգամավորի դեմ

Քնեսեթ, Իսրայել, արխիվ

Իսրայելը կոչ է արել Լեհաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել ծայրահեղ աջ պատգամավոր Կոնրադ Բերկովիչի դեմ, որ խորհրդարանում ցուցադրել էր Իսրայելի դրոշը՝ սվաստիկայով։
Իսրայելի ԱԳՆ-ն X հարթակում գրել է, որ Բերկովիչի «կասկածելի անցյալը ներառում է նացիզմի հրապարակային աջակցություն»։

Անցյալ շաբաթ Բերկովիչը խորհրդարանում ցուցադրել էր ինքնաշեն Իսրայելի դրոշ, որի վրա Դավթի աստղի փոխարեն պատկերված էր կապույտ սվաստիկա։ Նա մեղադրել էր Իսրայելին Մերձավոր Արևելքում «ցեղասպանություն» իրականացնելու մեջ և համեմատել էր երկիրը նացիստական Գերմանիայի հետ՝ հայտարարելով․ «Իսրայելն է նոր Երրորդ Ռայխը, և նրա դրոշը պետք է հենց այսպիսին լինի»։

Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարության մեջ գրել էր, որ պատմությունը ցույց է տվել, թե ուր են տանում ռասիզմն ու հակասեմականությունը, ինչի մասին Լեհաստանը շատ լավ գիտի։

«Նման մարդը տեղ չունի ժողովրդավարական Լեհաստանի խորհրդարանում։ Մենք ակնկալում ենք, որ լեհական իշխանությունները վճռական և արագ քայլեր կձեռնարկեն»,– նշվել է Իսրայելի արտաքին գերատեսչության հայտարարությունում։

Ի պատասխան՝ Լեհաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ «պատգամավորներին ընտրում են լեհերը, ոչ թե օտարերկրյա դեսպանատները»՝ ընդգծելով՝ խորհրդարանի նախագահն արդեն տուգանել է Բերկովիչին և կրճատել նրա պատգամավորական հավելավճարը։ Գործով զբաղվում է նաև դատախազությունը։