«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով, հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է: Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:

Նախօրեին մինչ դատարանը քննում էր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, նիստին զուգահեռ դատարանի բակում Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա էին անում նրա կուսակիցներն ու համախոհները:

Իրավապահների և ակցիայի մասնակիցների միջև քաշքշոց էր սկսվել, երբ ոստիկանները որոշեցին բացել ճանապարհը, ու քանի որ քաղաքացիները ճանապարհը չէին բացում, ոստիկանները հրելով հեռացրին նրանց այդ հատվածից, որից հետո սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, ակցիա դատարանի բակում