Արմեն Գրիգորյանը կառուցապատողից տուն է գնել, շարունակում է վարկը մուծել, բայց դեռ չի կարողանում բնակվել այնտեղ, որովհետև բնակարանն իրեն չի հանձնվել: Ասում է՝ պայմանագրով նախատեսված ժամկետից մոտ 3 տարի է անցել։ Դատի է տվել կառուցապատողին և ուշացումների համար ավելի քան 10 մլն դրամ տույժ պահանջել: Կառուցապատողն էլ իր հերթին է դատի տվել գնորդին, պատրաստ է վերադարձնել բնակարանի համար վճարված գումարը, պայմանագիրը չեղարկելու դիմաց:
«Կարճ ասած՝ չի եղել պայմանագիր, չի եղել պայմանավորվածություն, իրենք այդպես ասել են մեզ ոչ մեկ անգամ, որ այդ շենքում ոչ տուն ես ստանալու, ոչ տույժ-տուգանք», - ասաց Գրիգորյանը:
Առաջին ատյանի դատարանը երկուսի հայցն էլ մերժել է: Այսինքն՝ ոչ կառուցապատողը կարող է պայմանագիրը չեղարկել ու գումարը վերադարձնել գնորդին, ոչ էլ նա կարող է ուշացման համար տույժ ու տուգանք պահանջել կառուցապատողից:
«Մի կողմից անակնկալ էր, մյուս կողմից էլ սպասելի էր, քանի որ արդեն 25 թվականի մայիս ամսից մենք մոտավորապես պատկերացնում էինք, որ այսպիսի վճիռ ենք ունենալու», - նշեց Արմեն Գրիգորյանը:
Ըստ «Դատալեքս»-ի՝ կառուցապատող «Շինարտ Գրուպ»-ի ներկայացուցիչը դատարանում նշել է, որ շինարարության ժամկետները մի քանի անգամ երկարացվել են, այդ փոփոխությունները փոխել են նաև պայմանագրի հիմքում դրված պայմանները։ Դատարանն էլ որոշել է՝ քանի որ կառուցապատողը քաղաքապետարանից ստացել է շինարարության ժամկետների երկարաձգման թույլտվություն, ապա ժամկետների խախտում չի եղել:
Արմեն Գրիգորյանը պնդում է՝ բնակարանը գնելիս, կառուցապատողն իրեն չի տեղեկացրել, որ քաղաքապետարանն արդեն թույլատրել է շինարարության ավարտի ժամկետը մեկ տարով երկարացնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Քաղաքացին դատի է տվել կառուցապատող ընկերությանը, վերջինս էլ՝ նրան և այլ բնակիչներիԴատարանի որոշումից բնակիչն այսպիսի եզրահանգման է եկել. «Դա նշանակում է, որ կառուցապատողը կարող էր 5 տարի, 10 տարի անընդհատ երկարացներ շինթույլտվությունները, այստեղ հարց է առաջանում՝ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա ինչո՞ւ էր նշված հստակ ժամկետ»:
Կառուցապատող «Շինարտ» ընկերության փաստաբանն այսօր «Ազատությանը» հորդորեց հիմք ընդունել դատական ակտը: Ընկերությունից նախորդ տարի «Ազատությանը» հայտնել էին՝ պայմանագիր կնքելու պահին շինթույլտվությունը դեռևս պետական գրանցում չուներ․ այն ուժի մեջ է մտել ավելի ուշ: Դա է պատճառը, որ այդ փաստաթուղթը չի ներառվել պայմանագրում, ինչը, նրանց պնդմամբ, միտումնավոր չի արվել:
«Շինարտ»-ը նաև նշել էր, որ գնորդներին առանձին չեն տեղեկացնում քաղաքաշինական փաստաթղթերի բովանդակության մասին, քանի որ դրանք բաց տեղեկատվություն են և հասանելի են պետական մարմիններից։
Այսպիսի դեպքերում, քաղաքային իշխանությունը դժգոհ գնորդներին դատարանի ճամփան է ցույց տալիս: Արմեն Գրիգորյանն այդպես էլ արել է՝ գնացել է այդ ճանապարհով, որ իր իրավունքները պաշտպանի, բայց նորից ձեռնունայն է մնացել: Նա քաղաքապետարան մեղքն էլ է տեսնում այս ամենում:
«Երևանի քաղաքապետարանը երբ որ տալիս էր կառուցապատման նոր թույլտվություն, գոնե առնվազն պետք է տեղեկանար, թե գործող պայմանագրի շրջանակներում կա՞ն վաճառված բնակարաններ և արդյոք չեն խախտվում գնորդների իրավունքները: Առնվազն մեր իրավունքները, երկարացման թույլտվությամբ, խախտվել են», - նշեց նա:
Արմեն Գիրգորյանը «Դատալեքս»-ից պարզել է, որ էլի բնակիչներ են դատի տվել այս ընկերությանը և ուշացումների համար փոխհատուցում պահանջել, այլ դատավորներ բավարարել են գնորդի պահանջը: Ըստ Գրիգորյանի՝ իր գործը քննած դատավորն արդեն երկրորդ անգամ է մերժում նույնատիպ պահանջը:
«Կարելի է ասել, որ դատավորը կաշկանդված էր որոշակիորեն նաև իր իսկ կայացրած մեկ վճռով, այլապես կհակասեր ինքն իրեն, եթե մեր պարագայում կայացներ այլ վճիռ: Եթե կան արդեն բավարարված վճիռներ, եթե նույնիսկ ուժի մեջ մտած չեն, բայց կան վճիռներ, ստացվում է, որ մի քանի այլ դատավորների մոտ ունենք վճիռներ, որոնք բավարարում են այս հայցերը, իսկ մեր պարագայում ու մեկ այլ իմ հիշատակած գործով նույն դատավորը կայացնում է երկու նմանատիպ վճիռներ», - ասաց Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանը դատավորի անաչառության վերաբերյալ իր մտահոգությունների մասին նամակ է ուղարկել Էթիկայի հանձնաժողով և արդարադատության նախարարին։ Ասաց՝ պատասխանել են, թե քննության փուլում իրենց դիրքորոշումը միջամտություն կհամարվի:
Նա նաև հրապարակային դիմել է քաղաքապետարանին, կառավարությանը և նամակներ է ուղարկել իրավապահ մարմիններին. «Գլխավոր դատախազությունից գործը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն ինձ ուղղակի գրել է, որ բոլորը մեր ենթադրություններն են ու մերժել է գործ հարուցելու խնդրանքը»:
Արմեն Գրիգորյանի մյուս հայցը դեռ դատարաններում է: Սրանով էլ պահանջում է՝ որ դատարանը ճանաչի իր սեփականության իրավունքը, այսինքն՝ հաստատի, որ այդ բնակարանն իրենն է. «Երկու անգամ, չգիտես ինչ տրամաբանությամբ դատարանի կողմից կասեցվում է, մենք տանում ենք վերաքննիչ բողոք, վերաքննիչ դատարանը վերացնում է առաջին ատյանի որոշումը, գալիս ենք հաջորդ նիստին, նույն դատավորն արդեն մեկ այլ պատճառաբանությամբ նորից ա կասեցնում»:
Գրիգորյանը մտադիր է դատական բոլոր ատյաններով գնալ: Կարծում է, եթե հասնի Վճռաբեկ դատարան ու այս որոշումն ուժի մեջ մնա, ապա այն նախադեպ կստեղծի, որ բնակիչները կառուցապատողներին ուշացումների համար դատի չտան: Մտավախություն ունի, թե դատարաններն այդ բողոքները մերժելու համար միշտ մի բան կգտնեն: «Ու կրկին նոռակառույցից բնակարան գնած մարդը կմնա մեն- մենակ», - ասում է նա:
Իսկ նրանց, որ դեռ նորակառույցից բնակարան են ցանկանում գնել խորհուրդ է տալիս. «Պայմանագիրը չկարդալ ինքնություն, տալ փաստաբանի կամ առնվազն իրավաբանի, փաստաբանին խնդրել նաև կատարել փաստաբանական հարցումներ՝ հասկանալու, արդյոք չկա՞ն նոր թույլտվություններ երկարացման մասին, որոնք հետագայում կարող են պատճառ դառնալ այսպիսի ձգձգումների»: