ԵՄ անդամակցության գործընթացում Հայաստանը չի պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել. Փաշինյան

Եվրամիությանը անդամակցության գործընթացում Հայաստանը չի պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը:

«Մենք ընդունել ենք օրենք ԵՄ անդամակցության մասին, բայց գործընթացի մեջ մենք չեն պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում՝ ԵՄ նկատմամբ, թե օրենք ընդունել ենք, մեզ մյուս ամիս ընդունեք Եվրամիություն, մեզ պետք է , որ այս գործընթացի մեջ լինի զրո նյարդ: Եվ դա մեզ համար հնարավորություն է բարեփոխումների ընթացքը շարունակել այնպես, որ մենք համապատասխանենք իսկապես ԵՄ չափանիշներին», - ասաց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն ընդգծեց՝ ԵՄ անդամ դառնալ-չդառնալը քաղաքական որոշման հարց է:

«ԵՄ-ն կարող է որոշել չընդլայնվել կամ ընդլայնվել որոշակի տրամաբանությամբ, մենք որևէ մեկի քաղաքական կամքին չենք կարող բռնանալ, եթե ԵՄ-ն որոշի մեզ ընդունել, շատ լավ, եթե որոշի չընդունել, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կունենանք լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր: Մեր խնդիրը դա, իսկ այդ կետից մենք հեռու ենք, բայց ունենք տեսլական, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ», - հավելեց նա:

2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ-ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ. Փաշինյան