Ղազախստանի հետ լոգիստիկ զարգացումները կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանը. Միրզոյան

Ղազախստանի հետ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման համատեղ ջանքերը կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանը, հայտարարել է Հայաստանի արտաքաին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ղազախստանի իր գործընկերոջ Երմեկ Կոշերբաևի հետ հանդիպման ժամանակ:

«Համոզված եմ, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում՝ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տրամաբանությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը և միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը», - մասնավորապես նշել է Միրզոյանը։

Ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին, Միրզոյանն ասել է՝ «արժևորում ենք նաև այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը»։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ միտված երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ու գործարար կապերի խթանմանը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը ղազախների հետ քննարկել է TRIPP-ի իրագործումը