Խուզարկություն «Նովայա գազետայի» գրասենյակում

Ռուս իրավապահ մարմինների աշխատակիցներն այսօր խուզարկել են «Նովայա գազետա» անկախ լրատվամիջոցի գրասենյակը։

«Ժամը մոտ 12-ին դիմակավորված անվտանգության աշխատակիցները սկսեցին գործողություններ իրականացնել «Նովայա Գազետայի» խմբագրությունում։ Մենք չգիտենք պատճառը։ Փաստաբաններին թույլ չեն տալիս գրասենյակ մտնել, որտեղ նաև որոշ աշխատակիցներ կան», - հայտնել է լրատվամիջոցը սոցիալական ցանցերում։

Ռուսաստանի առաջատար հետաքննող անկախ լրատվամիջոցը թիրախ է դարձել քննադատական հրապարակումների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հետաքննությունների պատճառով։

Մոսկվայում AFP-ի թղթակիցը տեսել է Ռուսաստանի քննչական կոմիտեի երկու ֆուրգոն՝ գրասենյակի դիմացի բակում։

Ռուսական անկախ «Նովայա գազետա» թերթի հետաքննող լրագրող Օլեգ Ռոլդուգինը ձերբակալվել է՝ անձնական տվյալների ենթադրյալ չարաշահման գործով։

Թերթի նախկին գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը 2021-ին Նոբելյան խաղաղության մրցանակակիր է՝ «ազատ խոսքի պաշտպանությունը ապահովելու ջանքերի» համար։ «Նովայա Գազետայի» մի քանի լրագրողներ սպանվել են։ Այդ թվում՝ Աննա Պոլիտկովսկայան, որ տարիներ շարունակ հետաքննում էր Ռուսաստանի բանակի կողմից Չեչնիայում իրականացված մարդու իրավունքների խախտումները։ 2006 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, նրան մահացած էին գտել բնակարանում։

Թերթը, որը նախկինում տպագրվում էր շաբաթական մի քանի անգամ, նվազեցրել է արտադրությունը՝ Ռուսաստանում 2022 թվականին Ուկրաինայի վրա «ռազմական գործողության» սկիզբից հետո մտցված ռազմական գրաքննության պատճառով։