Գյումրիում էլի կռիվ է ընկել «Քաղաքացիական պայմանագրի» ու քաղաքային իշխանության միջև ու էլի անցել են հեռավար մեղադրանքների ժանրին: Այս անգամ առիթը քաղաքի փոսերն են: ՔՊ-ն որոշել էր ճշտել, թե անցած տարի քանի քառակուսի մետր փոսային նորոգում է իրականացվել Գյումրիում: Պատասխանը ստանալուց հետո թվերը համեմատել են ու քաղաքային իշխանությանը մեղադրել կոռուպցիայի մեջ: ՔՊ խմբակցությունից Էդգար Բաղդասարյանը օրինակ է բերում Սայաթ -Նովա փողոցը, որտեղ, ըստ քաղաքապետարանի տրամադրած տեղեկանքի, 515 քառակուսի մետր փոսային նորոգում է արված, բայց պնդում է, որ մակերեսն այդքան չէ, ասում է. «Մեր հաշվարկով և ակնհայտ է՝ 515 քառակուսի չէր կարող լինել»։
Քաղաքապետարանի պատասխանը չուշացավ: Կայքում հրապարակված հայտարարությամբ ՔՊ-ին մեղադրեցին անտեղյակության մեջ:
«ՔՊ-ն պնդում էր, թե քաղաքապետարանի ներկայացրած 515 քմ փոսային նորոգման ծավալը Սայաթ-Նովա փողոցում «տեսանելի չէ»։ Ավելին՝ խմբակցությունը շտապել էր խոսել «փոշիացման» և «կոռուպցիոն սխեմաների» մասին՝ ակնկալելով իրավական գնահատական։ Սակայն պարզվում է, որ «արհեստավարժ» ուսումնասիրողները պարզապես չեն խորացել թվերի և աշխատանքային քարտեզների մեջ»,- ասված է տարածած հայտարարությունում։
Քաղաքապետարանը քարտեզներ ու մանրամասն հաշվետվություն է հրապարակել, թե այդ 515 քառակուսի մետրը ինչպես են ստացել:
«Նշված 515 քմ-ը ներառում է ոչ միայն Սայաթ-Նովա փողոցը, այլև Հայուհու հրապարակի օղակային հատվածը, որը տեխնիկապես հաշվարկված է ընդհանուր փողոցի մեջ։ Իրական պատկերը հետևյալն է. Սայաթ-Նովա փողոց՝ 327,8 քառակուսի մետր։ Հայուհու հրապարակ՝ 187,2 քառակուսի մետր։ Ընդհանուր՝ 515 քառակուսի մետր»:
Քաղաքապետարանը նաև աշխատանքային քարտեզ է հրապարակել, որտեղ փոս առ փոս նշված են կատարված աշխատանքները։ Բայց այս պարզաբանումից հետո կռիվը ոչ թե հանգեց, այլ ավելի բորբոքվեց: ՔՊ-ն նույն ոճով՝ հայտարարությամբ հակադարձեց.
«Ի պատասխան Գյումրու համայնքապետարանը ժամանակավորապես որպես «հերանց տուն» տնօրինողների, տեղեկացնում ենք. ըստ տրամադրված պաշտոնական գրության՝ բացակայում է ձեր նշած Հայուհու հրապարակը, որը Գյումրու վարչական տարածքում հաշվառված և հասցեավորված է որպես Անկախության հրապարակ: Վիզուալ ուսումնասիրությամբ հաշվարկվել է ընդամենը 13 փոսային նորոգում, որոնց մոտավոր մակերեսը չի գերազանցում 100 քմ-ն։ Հետևաբար, եթե ձեր ներկայացրած կեղծ տեղեկատվության մեջ, օրինակ Սայաթ-Նովա ասելով, գյումրեցիները պետք է ի նկատի ունենան ինչ-որ այլ հասցե, անգամ այդ պարագայում ձեր գրածը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՔՊ-ի հայտարարությունում։
Ու մատնանշեցին Վարդանանց հրապարակը, որտեղ ըստ տեղեկանքի, որ հրապարակել էր ՔՊ-ն, 866 քառակուսի մետր փոսային նորոգում էր արվել: ՔՊ-ից հաշվել են նորոգված փոսերը ու գտել, որ կրկին տրամադրված թվերն ու արված աշխատանքների ծավալները չեն համընկնում:
Հայտարարությունում նշվում է.- «Միգուցե Վարդանանց հրապարակ գրելով, որտեղ ըստ ձեր պաշտոնական տեղեկության իրականացվել է 800 քմ-ից ավելի նորոգման աշխատանք, վիզուալ նույնականացվել է ընդամենը 10-11 փոսային նորոգում, որոնց ընդհանուր մակերեսը չի գերազանցում 200քմ, նկատի եք ունեցե՞լ ձեր սեփական դռներն ու հարակից մայթերը»։
Վարդանանց հրապարակը հիմանորոգվել էր 5 տարի առաջ: Բուն հրապարակում փոսային նորոգումներ չնկատեցինք, բայց նորոգումներ կային հարակից Չերազի փողոցում: Այժմ՝ այս հեռավար մեղադրանքներից հետո ՔՊ խմբակցության ավագանու անդամն առաջարկում հանձնաժողով ստեղծել ու հարցն ուսումնասիրել:
Գյումրիի քաղաքապետարանից հրաժարվեցին հարցազրույցից, չկարողացանք ճշտել՝ կհամաձայնե՞ն հանձնաժողովի առաջարկին: Իսկ ՔՊ-ն պատրաստվո՞ւմ է դիմել իրավապահներին, ավագանու անդամն ասաց՝ իրենք իրենց կասկածները հրապարակավ հայտնել են, իրավապահները կարող են դա հիմք ընդունել ու ուսումնասիրություն սկսել:
Գյումրիի քաղաքային իշխանություններն իրենց հերթին կարծում են, որ իրավապահները պետք է ուսումնասիրեն ՔՊ-ի կողմից «ապակողմնորոշող տեղեկություն տարածելու պատճառները»: Ասում են՝ գյումրեցիները հոգնել են «ֆեյսբուքյան բացահայտումներից», իսկ ՔՊ-ի նպատակն, ըստ նրանց, «ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն է, այլ քաղաքային իշխանությանը վարկաբեկելը»: