Իրանում օդային հարվածի հետևանքով ոչնչացվել է Պաստերի ինստիտուտը. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այսօր զգուշացրել է վերջին օրերին Իրանում առողջապահական համակարգի վրա բազմաթիվ հարձակումների մասին, ինչպես նաև տեղեկացրել է, որ օդային հարվածի հետևանքով ոչնչացվել է Պաստերի ինստիտուտը։

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը X-ում գրել է, ինստիտուտը լուրջ վնասներ է կրել և այլևս չի կարող առողջապահական ծառայություններ մատուցել։ Թեհրանի այս կենտրոնը, որը հիմնադրվել է 1920 թվականին և կապ չունի Փարիզի համանուն ինստիտուտի հետ, համարվում է Իրանի ամենահին գիտահետազոտական և հանրային առողջապահական հաստատություններից մեկը։ Այն կարևոր դեր է խաղում բնակչության առողջության պաշտպանության և խթանման գործում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում։

Փարիզի Պաստերի ինստիտուտն աջակցություն է հայտնել հարվածներից տուժած հետազոտողներին, ուսանողներին և քաղաքացիական անձնակազմին։

Իրանի կառավարության տվյալներով՝ այս շաբաթ ԱՄՆ-իսրայելական մեկ այլ հարված թիրախավորել է երկրի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկը՝ «Թոֆիղ Դարու»-ն, որը արտադրում է անզգայացնող և քաղցկեղի դեմ դեղամիջոցներ։

Համաձայն Առողջապահության համաշխարահային կազմակրեպության ներկայացուցչի՝ վնասներ է կրել նաև «Դելարամ Սինա» հոգեբուժական հիվանդանոցը։ Վնասվել է նաև ԱՀԿ-ի Թեհրանի գրասենյակը։

ԱՀԿ-ն հաստատել է, որ ընդհանուր առմամբ առնվազն 20 առողջապահական հաստատություն է թիրախավորվել։

Ըստ Ժնևյան կոնվենցիաների՝ առողջապահական հաստատությունները պաշտպանված են որպես պատերազմական գոտում հատուկ կարգավիճակ ունեցող օբյեկտներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «վերադարձնել Իրանին քարե դար», չնայած միջազգային իրավունքն արգելում է քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։