Վարչական դատարանը քննելով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատիրոջ հայցը վճռել է՝ «Էլցանցերի» լիցենզիան դադարեցնելու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հիմքում ներկայացված ենթադրյալ խախտումների մեծ մասը հիմնավոր, ապացուցված կամ բավարար փաստարկված չէ:
Այսինքն ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի ժամանակ կառավարիչ նշանակվելուց հետո կառավարությունն այդպես էլ չի կարողացել իր պնդումների համար փաստեր ներկայացնել. սա, սակայն չի խանգարել դատարանին մերժել հայցը ու լիցենզիայից զրկելու որոշումն ուժի մեջ թողել:
Ընկերության տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ընդգծում է՝ դատարանի վճիռը վկայում է՝ պետական պաշտոնյաները պարզապես խաբել են քաղաքացիներին. նա ակնկալում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Կարապետյանից իր այս խոսքերի համար. «Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից Հայաստանի Էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չի գողացել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայիցԼիցենզիայից զրկելու կարգավորող հանձնաժողովի որոշման 2-րդ կետն էր վերաբերում սպառված էլեկետրաէներգիայի հավելագրումներին, թերգրանցումներին: Վարչական դատարանը արձանագրում է՝ տվյալները բավարար չեն և հնարավոր չէ խախտումները «համակարգված» համարել. «Առանց հարաբերակցական գնահատման հնարավոր չէ եզրակացնել՝ արձանագրված դեպքերը կրում են զանգվածային և կրկնվող բնույթ, թե ունեն բացառիկ կամ դրվագային բնույթ»:
«Տղամարդու համար սխալվելու դեպքում ներողություն խնդրելը ճիշտ է, իսկ իրենց ներողություն խնդրելով ժողովուրդը կհասկանա, թե ինչ է կատարվում: Ես գնահատում եմ ՀէՑ-ի հետ կապված իրավիճակը՝ փոքրիկ խմբակի կողմից պարտված, կոնկրետ այս դեպքում իրենք պարտվել են», - նշեց Ղազինյանը:
«Էներգետիկայի ոլորտում Հայաստանում ընդհանրապես մասնագետ չկար, էներգետիկայից հասկացող չկար, մեծ կազմակերպություն կառավարած մարդ չկար, կառավարման հմտրություններ ունեցող կամ տեխնոլոգիական զարգացման հետ կապված մարդ չկար, պետք է գար ՊՎԾ-ի պետը նշանակվեր, ինչի՞, որովհետև ենթադրում էին, որ ՊՎԾ-ի պետը պետք է ապացույց գտնի, ապացույցների որակը տեսանք: Բոլոր ապացույցները, որոնք ՊՎԾ-ի պետն է գտել, պարզվեց՝ էդքան էլ ապացույց չեն», - ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:
Հանձնաժողովի երկու փաստարկն է դատարանը հիմնավոր համարել. մասնավորապես, դատարանը գտել է, որ իրականացված ներդրումների և ընկերության ներկայացրած հաշվետվությունների միջև անհամապատասխանություն կա: Դատարանը հիմնավորված է համարել նաև փոխկապակցված կազմակերպությունների համար վարկային պարտավորությունների երաշխավորություններ տրամադրելու պնդումը:
«Հայցվորի այն փաստարկը, թե բացակայում է իրական վնասը կամ պատճառահետևանքային կապը, Դատարանը հիմնավոր չի համարում, քանի որ տվյալ դեպքում վարչական մարմնի կողմից արձանագրված խախտումը պայմանավորված է ոչ թե արդեն առաջացած վնասով, այլ անթույլատրելի բարձր ռիսկի ստեղծմամբ, որը կարող էր հանգեցնել ինչպես Ընկերության ֆինանսական անկայունության, այնպես էլ ամբողջ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության խաթարմանը»:
Կարապետյանի ներկայացուցիչները վճիռը կբողոքարկեն վերաքննիչ ատյանում
Փաստաբան Արամ Օրբելյանն ընդգծում է՝ հենց այս կետերի շուրջ դատարանում ավելի կարճ քննարկում է եղել, Կարապետյանի ներկայացուցիչները պատրաստվում են վճիռը բողոքարկել վերաքննիչ ատյանում:
«Վերաքննիչ դատարանում ակնհայտ է՝ հիմքերը լրիվ կան, պետք է վերջին երեք կամ երկու կետերին անդրադառնալ՝ այն հիմնավորմամբ, որը ես բերեցի, որ ըստ էության այն կետերն են, որոնք ամենաքիչն են քննարկվել դատարանում կամ չեն հասցրել քննարկել ապացույցներ հետազոտել», - ընդգծեց Օրբելյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» ազգայնացնել ցանկացող կառավարությունն առնվազն մինչ մայիսի 25-ը ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու քայլեր չի կարող ձեռնարկել, ըստ դատարանի մեկ այլ որոշման, ուղիղ վաճառքի շուրջ բանակցությունների ժամկետը հենց օրը կլրանա:
Փետրվարին գործադիրը գին է առաջարկել սեփականատիրոջը, թե որքան՝ կողմերը չեն հանրայնացնում: Դատելով Կարապետյանի ներկայացուցիչների արձագանքներից՝ թիվը իրենց պատկերացրածից փոքր է, իրենք ընկերության կապիտալը շուրջ մեկ միլիարդ դոլար են գնահատում: