Վեց ուկրաինացի երեխաներ Ռուսաստանից կմեկնեն Ուկրաինա ու կմիանան ընտանիքներին, այս ամսվա ընթացքում ևս մեկ երեխայի վերադարձ կապահովվի տուն։ Այսօր այդ մասին հայտնել է Սպիտակ տունը՝ նշելով առաջին տիկին Մելանյա Թրամփի ջանքերը՝ նրանց վերադարձն արագացնելու ուղղությամբ։
Ուկրաինան հայտնում է, որ մոտ 20 հազար երեխա ապօրինաբար տեղափոխվել է Ռուսաստան և Բելառուս, որտեղ նրանք որոշ դեպքերում ռազմական պատրաստություն են անցնում և ստիպված են կռվել իրենց երկրի զինված ուժերի դեմ։
Մելանյա Թրամփը օգոստոսին նամակ էր գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անդրադառնալով պատերազմի հետևանքով ընտանիքներից բաժանված ուկրաինացի երեխաների վիճակին։
«Այս տարածաշրջանում երեխաներին իրենց հարազատների հետ վերամիավորելը շարունակում է մնալ մեր ժամանակների ամենակարևոր գլոբալ խնդիրներից մեկը։ Ես ոգևորված եմ, որ երկու կողմերն էլ շարունակում են համագործակցել՝ երեխաների անվտանգությունն ու բարեկեցությունը վեր դասելով այս սարսափելի պատերազմից»,- ասված է հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի հետաքննությունն անցյալ ամիս եզրակացրել էր, որ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների արտաքսումն ու տեղափոխումը 2022 թվականին սկսված լայնածավալ ներխուժումից ի վեր կարող են համարվել մարդկության դեմ հանցագործություններ։ Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդերներ է արձակել նախագահ Վլադիմիր Պուտինի և ևս հինգ ռուսաստանցիների նկատմամբ՝ երեխաների ապօրինի արտաքսման գործով։
Մոսկվան հերքում է, թե երեխաներին տեղափոխում է նրանց կամքին հակառակ՝ պնդելով, որ մարդկանց տարհանում է կամավոր կերպով՝ նրանց պատերազմի գոտուց հեռացնելու համար։