Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն ընտրություններին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկնարկին քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչպես էլ ավարտվեն Հայաստանի ընտրությունները, մենք շարունակելու ենք տրամադրված լինել հարաբերությունների կառուցմանը»,- նշել է Պուտինը։
Անդրադառնալով Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների զարգացմանը՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ այս հարցի շուրջ Հայաստանում ընթացող բանավեճը Մոսկվայում հանգիստ են ընկալում, սակայն «ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնարին է»։
Հայաստանի վարչապետն այսօր է աշխատանքային այցով Ռուսաստան մեկնել: Հանդիպման առաջարկը Նիկոլ Փաշինյանինն է: Թե կոնկրետ ինչ օրակարգով է նա Պուտինից հանդիպում խնդրել, հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում:
Բայց Փաշինյանն անցած շաբաթ շատ հպանցիկ խոսել էր իր այցի մասին. «Այդ հանդիպումները մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար են»:
Հայկական պատվիրակության կազմում են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: