ՀԱՀ-ը անցել է առցանց ուսուցման՝ պատճառաբանելով Իրանի կողմից տարածաշրջանի ամերիկյան համալսարանների նկատմամբ սպառնալիքները

Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ մարտի 30-ին բոլոր դասերը կանցկացվեն առցանց՝ անվտանգության նկատառումնեից ելնելով։ Բուհը նշում է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Իրանի կողմից Արևմտյան Ասիայի և Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների հասցեին հնչեցված սպառնալիքները։

«Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա», - ասված է բուհի հայտարարությունում։

Ուրբաթ և շաբաթ օրերին Թեհրանի վրա հասցված հարվածների ընթացքում թիրախավորվել էր նաև մայրաքաղաքի հյուսիսարևելքում գտնվող Գիտության և տեխնոլոգիաների համալսարանը։ Ըստ հաղորդումների՝ վնասվել էին համալսարանի շենքը, սակայն զոհերի մասին տեղեկություններ չէին հաղորդվել։

Fars գործակալության փոխանցմամբ՝ դրանից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը մինչև մարտի 30-ը չդատապարտի այդ հարձակումները, ապա տարածաշրջանում գտնվող ամերիկյան համալսարանները կարող են դառնալ պատասխան գործողությունների թիրախ։ Նույն հայտարարությամբ խորհուրդ էր տրվել այդ բուհերի աշխատակիցներին, դասախոսներին, ուսանողներին և հարակից տարածքների բնակիչներին համալսարանների շենքերից առնվազն մեկ կիլոմետր հեռու մնալ։