The New York Times-ը երեկ հոդված է հրապարակել այն մասին, որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերից մի քանի հարյուր զինծառայող արդեն հասել է Մերձավոր Արևելք՝ նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկյան բանակին Իրանի հետ պատերազմի պայմաններում հավելյալ տարբերակներ տալու համար։
Թերթը, հղում անելով ամերիկացի երկու անանուն պաշտոնյայի, գրում է, որ հատուկջոկատայիններին առայժմ կոնկրետ առաջադրանք չի տրվել։ Նրանք միանալու են տարածաշրջան ուղարկվող հազարավոր ծովային հետևակայիններին և էլիտար դեսանտայիններին՝ համալրելով այնտեղ արդեն գտնվող շուրջ 50 հազար ամերիկացի զինծառայողներին։ Ինչպես նշում է թերթը, այդ ուժերի կազմում են Army Rangers-ի և Navy SEALs-ի ստորաբաժանումներ։
ԱՄՆ ղեկավարությունը, այդ թվում՝ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտարարել են, որ լրացուցիչ զորքերի տեղակայման նպատակը նախագահին Իրանի հարցում ավելի լայն ընտրության հնարավորություն տալն է։
Հնարավոր տարբերակներից մեկը, ըստ հրապարակման, Իրանի Խարգ կղզու գրավումն է։ Այն կարևոր նավթային տերմինալ է և առանցքային դեր ունի երկրի տնտեսության համար։ ԱՄՆ զինուժը կարող է նաև փորձել ապահովել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում։
NYT-ի փոխանցմամբ՝ հատուկ նշանակության ուժերի մեկ այլ հնարավոր առաքելություն կարող է լինել Իսֆահանի միջուկային օբյեկտում Իրանի ուրանի պաշարները վերահսկողության տակ վերցնելը։
Միաժամանակ, հոդվածում նշվում է, որ ռազմական փորձագետների կարծիքով նույնիսկ 50 հազար զինծառայողը բավարար չէ խոշոր ցամաքային գործողության համար։ Համեմատության համար նշվում է, որ 2003 թվականին Իրաք ներխուժած ԱՄՆ գլխավորած կոալիցիան սկզբում ուներ մոտ 250 հազար զինծառայող։