Իրանում ընդդիմադիր խմբի հետ կապվող 2 տղամարդ է մահապատժի ենթարկվել

Իրանը մահապատժի է ենթարկել երկու տղամարդու, որոնք, ըստ պաշտոնական Թեհրանի, կապեր են ունեցել Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպության հետ և ծրագրել են Թեհրանում ինքնաշեն հրթիռային սարքերով հարձակումներ։

Իրանի դատական համակարգի լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մահապատժի են ենթարկվել Աքբար Դանեշվար-Քարն ու Մոհամմադ Թաքավի Սանգդեհին։ Պաշտոնական վարկածով՝ նրանք մասնակցել են «մի շարք ահաբեկչական գործողությունների», իսկ նրանց հետ կապվող գաղտնի բնակարաններում հայտնաբերվել էին պայթուցիկ սարքեր և հարակից սարքավորումներ։

Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպութունը իրանական ընդդիմադիր կազմակերպություն է, որը գործում է 1960-ականներից և ընդդիմացել է թե՛ շահի իշխանությանը, թե՛ Իսլամական Հանրապետությանը։ Միացյալ Նահանգները նախկինում այն ներառել էր օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, սակայն 2012 թվականին այդ կարգավիճակը հանվել էր։

2025 թվականի նոյեմբերին Իրանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայ Սատոն հայտարարել էր, որ այս երկու տղամարդկանց և ևս չորս անձանց գործերում կան արդար դատաքննության լուրջ խախտումների մտահոգություններ, այդ թվում՝ փաստաբանների ուշ հասանելիություն և խոշտանգումների մասին պնդումներ։ Նրա գնահատմամբ՝ նման պայմաններում մահապատժի կիրառումը կհակասեր միջազգային իրավունքին։