Լատվիան ՌԴ-ին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ

Ռիգա, Լատվիա

Լատվիայի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանին մեղադրել է բալթյան երկրների դեմ լայնածավալ և համակարգված ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ՝ սոցիալական ցանցերում օգտագործելով բոտերի, որոնք թիրախավորում են ռուսախոս լսարանին։

Հայտարարությանը կցվել են նաև համացանցում հրապարակված գրառումների սքրինշոթներ, որոնք, ըստ նախարարության, ապացուցում են Ռուսաստանի այդ գործողությունները։

Մոսկվան պնդում է, թե Էստոնիան, Լատվիան և Լիտվան թույլ են տալիս իրենց տարածքները օգտագործել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ հարձակումների համար։ Մինչդեռ պաշտոնական Ռիգան սա ապատեղեկատվություն է որակում։

Նախարարության փոխանցմամբ՝ արշավի նպատակն է վարկաբեկել ՆԱՏՕ-ն, պառակտել հասարակությունը, թուլացնել վստահությունը պետական հաստատությունների նկատմամբ և նվազեցնել Ուկրաինային աջակցությունը։

Նշվում է, որ ոչ Լատվիան, ոչ Էստոնիան, ոչ էլ Լիտվան ներգրավված չեն եղել Ուկրաինայի հակահարվածների ծրագրավորման կամ իրականացման մեջ։

Բալթյան երկրները աջակցում են Ուկրաինային՝ ռազմական, ֆինանսական և մարդասիրական օգնությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էստոնիան և Լատվիան հայտնել են ԱԹՍ-ների հարվածների մասին