Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո 2 անձ բերման է ենթարկվել

Արխիվ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից երկու անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, «Ազատությանը» փոխանցեցին ՆԳՆ-ից:

Թե ինչ հիմքով են քաղաքացիները բերման ենթարկվել, պարզ չէ: Ոստիկանությունն այս պահին հրաժարվում է այլ մեկնաբանություն տալ:

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը «Ազատությանը» փոխանցեց, որ բերման են ենթարկվել ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը, ով «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ է:

ԱԺ նախագահի մասնկացությամբ փոխադարձ հայհոյանքներով միջադեպը տեղի է ունեցել Դեմիճյան փողոցում:

Անհետ կորած զինծառայողների հարազատները արդեն մի քանի օր է՝ հավաքվում են խորհրդարանի շենքի առջև՝ պահանջելով ԱԺ-ից հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը:

Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի հետ վեճը սկսում է այն բանից հետո, երբ ԱԺ նախագահը հրաժարվում է խոսել Մարգարյանի հետ:

Վիճաբանության ընթացքում, ըստ տեսանյութերի, հնչում են սեռական բնույթի փոխադարձ հայհոյանքներ:

Ալեն Սիմոնյանն առայժմ չի արձագանքել այս միջադեպին:

Ավելի վաղ 44-օրյայի հանգամանքների վերաբերյալ հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտել էր, որ զեկույցը հանրությանը չի հասել Ալեն Սիմոնյանի որոշման պատճառով, իսկ զեկույցն ու դրա հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերը պատրաստվում են նաև իրավապահների համար բացել:

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը Ազգային ժողովում ձևավորվել էր 2022 թվականին իշխանության նախաձեռնությամբ և գործել առանց ընդդիմադիրների. նրանք ի սկզբանե բոյկոտել են՝ պնդելով, որ պատերազմի պարտության պատասխանատուները չեն կարող օբյեկտիվ քննություն անցկացնել:

«Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի առաջին բաժին, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին», - «Ազատությանը» փոխանցել էին խորհրդարանից:

Առավել մանրամասն՝ այստեղ