Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խորհրդարանական զեկույցը՝ Կառավարության ծրագրի կատարողականի մասին դահլիճում կրքեր բորբոքեց: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ուժային կառույցի ղեկավարից հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ էին երեք հարյուր ոստիկաններ ուղեկցում վարչապետին միացած բարձրաստիճան հոգևորականներին, որոնք Էջմիածին էին գնացել պահանջելու Կաթողիկոսի հրաժարականը:
«Բարձրաստիճան ոստիկան, ինչի՞ էին 10 եպիսկոպոսի ուղեկցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում, ի՞նչ կարգավորումներ, չասեք՝ քրեական գործ կար, այդ դեպքով քրեական գործ չկար, որ դուք էլ ապահովեիք: Ֆիքսված է, գիտե՞ք քանի հարցում եմ ուղարկել անուններով», - ասաց Մանուկյանը:
«Ես չգիտեմ՝ Դուք ինչ գործիքակազմեր եք կիրառում, բայց 300 անձ որևէ ձևով որևէ մեկին որևէ իրադարձության շրջանակներում չի ուղեկցում: Այո, այդ օրը Մայր Աթոռում ոստիկանությունը պատշաճ կերպով կատարել է իր առջև դրված խնդիրն ու թույլ չի տվել բախում այն պայմաններում, երբ որ մենք ունեինք իրար «հակադարձող» հավաք», - արձագանքեց Արփինե Սարգսյանը:
Նախարարի պատասխանը պատգամավորին դուր չեկավ, նրան էլ իր հերթին հակադարձեց կառավարող «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը:
«Հասարակական կարգի պաշտպանությունը մի բան է, ուղեկցող ոստիկանների անօրինականությունները... նստած են լրագրողները, իրենց աչքի առաջ է եղել, հիմա աչքի տեսածը պետք է ասեմ՝ չէ, չի եղե՞լ», - ասաց Գեղամ Մանուկյանը:
«Ասում եք՝ «լրագրողները նստած են», նայում եմ ուղղակի աչքով, 11 լրագրող է նստած, 11-ից միայն մեկն է նեյտրալ լրատվականի ներկայացուցիչ՝ Factor tv-ի ներկայացուցիչը, մնացածն ընդդիմադիր ուղղվածության լրատվականներ են», - արձագանքեց Ալեքսանյանը:
Լրագրողներին ուղղված այս գնահատականն անպատասխան չմնաց, լրատվամիջոցների ներկայացուցիչները տեղից պահանջում էին իրենց չթիրախավորել, ինչն ավելի զայրացրեց պատգամավոր Ալեքսանյանին. «Մյուս անգամ հանձնաժողովի նիստի ժամանակ չհամարձակվեք խոսել պատգամավորի հետ: Ձեզ ո՞վ է իրավունք տվել հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանքել, դա իմ գնահատականն է ձեր լրատվականին, վիրավորանք չի կամ բան չի»:
Կառավարող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հերթով նշում էր լրատվամիջոցների անունները՝ գնահատելով, որ նրանք ընդդիմադիր ուղղվածություն ունեն, բայց նաև մխիթարում լրագրողներին, թե դա վատ բան չէ: Իրավիճակն ավելի լարվեց, երբ պատգամավորը հասավ լրատվամիջոցների ֆինանսավորմանը:
«Որովհետև ակնհայտ է, որ օլիգարխիկ կոնկրետ մի հատ կլան, կոնկրետ սպասարկող կոնկետ քաղաքական կենտրոնի զրկվել է Հայաստանում իշխանությունից ու այդ ամբողջ իր կուտակածն ու ամեն ինչը պաշտպանելու համար այսքան լրատվական կա ընդդիմադիր: Հիմա այս լրատվականները որտեղի՞ց են ֆինանսավորվում: Դուրս եկեք այստեղից, եթե ձեզ թվում է, թե կարաք հանձնաժողովի նիստի մասնակցեք»:
Լրագրողներին պաշտպանելու գործին միացավ նախկին լրագրող, ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ Վահագն Ալեքսանյանին հիշեցնելով իր իսկ կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի»՝ ընդամենը ամիսներ առաջ ընդունած էթիկայի կանոնագիրը:
«Հարգել ընդդիմադիր խոսքը, ձեր կարծիքը չկիսող մարդկանց խոսքը: Երեկվանից ագրեսիա է, երեկ Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ եթե մենք չընտրվենք, լրագրողները հաշմանդամ ու գործազուրկ կդառնան, էսօր Դուք եք հարձակվում լրագրողների վրա», - ասաց Թագուհի Թովմասյանը և հավելեց. - «Այս լրագրողների, նաև այս դահլիճում գտնվողների մեծ մասի ուղղակի ջանքերով դուք այսօր իշխանության եք, էլ չասեմ նվաստացուցիչ ձևակերպումներ, թե քանի մարդ քանի խմբագրության դեմ էր հերթ կանգնում, որ հարցազրույց տար: Չի կարելի լրագրողներին թիրախավորել, այս աստիճան ատելություն գեներացնել չորրորդ իշխանության նկատմամբ»:
Հենց Թագուհի Թովմասյանի հիմնած «Ժողովուրդ» օրաթերթի երկու լրագրողներ անցած տարեվերջին զրկվեցին խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու հավատարմագրերից՝ հիմնավորմամբ, թե իշխանության պատգամավորներին հարցեր են տվել Ազգային ժողովի միջանցքի չթույլատրված հատվածներում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին հեռացրին ԱԺ շենքից