ԱԱԾ տնօրենը կաթողիկոսին անվանեց աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան

ԱԱԾ տնօրենն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում կաթողիկոսի մասին խոսեց՝ նշելով նրա աշխարհիկ անունը, ինչպես անում է վարչապետը:

«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել, և այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է», - «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը:

Լրագրողի հարցին, թե ԱԱԾ տնօրենը քաղաքական գործիչ չէ, ինչպես է Կտրիճ Ներսիսյան ձևակերպումն օգտագործում, Անդրանիկ Սիմոնյանը պատասխանեց. «Այնպես, ինչպես օգտագործեցի»:

ԱԱԾ տնօրենն անպատասխան թողեց լրագրողների հարցը՝ «Դո՞ւք էլ եք միացել եկեղեցին բարեփոխելու ծրագրին, որ օգտագործում եք Կտրիճ Ներսիսյան ձևակերպումը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոններից է հայտարարում, թե Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներից ոմանք ԿԳԲ գործակալներ են: Ոմանք ովքե՞ր են, Նիկոլ Փաշինյանը ոչ անուն, ոչ էլ փաստ է նշում:

Մինչև հիմա Փաշինյանի ղեկավարած կուսակցության կայքում մեկ տեղեկանք է հրապարակվել կաթողիկոսի եղբորը վերագրված, թե Եզրաս արքեպիսկոպոսը ԿԳԲ գործակալ է եղել: Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը հերքել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փաշինյանն անօրեն գործը շարունակելու համար փորձում էր ծափերի արժանանալ Եվրախորհրդարանում». քահանաներ