Ուկրաինական անօդաչուները հարվածել են Կրասնոդարին․ 1 զոհ կա

Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում անօդաչուների հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնել են շրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը և քաղաքի քաղաքապետ Եվգենի Նաումովը։

Պաշտոնյաների տվյալներով՝ վնասվել է երեք բնակելի շենք։ Նրանցից մեկում անօդաչուի հարվածից հետո հրդեհ է բռնկվել, մյուսում անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել բնակարանի պատշգամբում։


Astra-ն գրում է, որ վնասված բազմահարկ շենքերից մեկը գտնվում է «Կենտրոնական Կրասնոդար» ռազմական օդանավակայանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մարտի 18-ի գիշերը խոցվել է ուկրաինական 85 անօդաչու, որոնցից 42-ը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում։